ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:
Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Վալենտինա Մատվիենկոն կարևորեց երկկողմ հանդիպումների վերականգնումը՝ չնայած նոր կորոնավիրուսային համավարակին: ԴԽ խոսնակը գոհունակություն հայտնեց երկու խորհրդարանների միջև առկա երկխոսության վերաբերյալ և վստահություն հայտնեց, որ տարբեր ձևաչափերով փոխգործակցությունը համավարակի հաղթահարմանը զուգահեռ էլ ավելի կակտիվանա:
Վալենտինա Մատվիենկոն կարևորեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարևորագույն գրավականն է: Նա վերահաստատեց ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց:
Անդրադարձ կատարելով ԱՊՀ ՄԽՎ գործունեությանը՝ Մատվիենկոն բարձր գնահատեց կազմակերպությունում հայ պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի՝ ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները շարունակում են կայուն զարգացում ապրել տարբեր ոլորտներում: Նա իր ռուս գործընկերոջը ներկայացրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարևորությունը: ԱԺ նախագահը հավելեց, որ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:
Կողմերը քննարկման ընթացքում համաձայնություն ձեռք բերեցին Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին շնորհեց Ազգային ժողովի ոսկե մեդալ՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման և Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատման գործում ունեցած կարևորագույն ներդրման համար: