Արցախում իրենց անշարժ գույքը կորցրածներին հյուրընկալողներին Կառավարությունը դեկտեմբերից սոցիալական աջակցություն է տրամադրում: Եռամսյա ծրագրի ժամկետը երկարաձգվել է ևս երեք ամսով՝ մինչև մայիսը ներառյալ:
Արտակ Հարությունյան (ԱՍՀՆ ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ) - Պայմաններում փոփոխություն չկա: Յուրաքանչյուր չափահաս անձի հաշվով հյուրընկալողը ստանում է 30 հազար դրամ, եթե հյուրընկալում է ՀՀ-ում, և յուրաքանչյուր չափահաս անձի հաշվով 45 հազար դրամ, եթե մինչև հունիսի 5-ը հյուրընկալվում է Արցախի Հանրապետությունում:
Արցախցի տիկին Զոյայի ընտանիքի հյուրընկալը ֆրանսիայում բնակվող Արամայիս Մկրտչյանն է, որը հաճախ է հայրենիքում լինում:
Զոյա Ամիրյան - Մեր տունը ճանապարհի վրա է, հենց այդպես. երևի, Հայաստանում մարդ չկա, որ իմ տանը հաց կերած կամ կոֆե խմած չլինի:
Արցախի Շահումյանի շրջանի Չարեքթար գյուղի իրենց տանը տարիներ առաջ հենց այդպես էլ իրենց հյուրընկալի հետ են ծանոթացել: Հիմա նրա տանն են տասը հոգով: Տղաներից մեկը պայմանագրային զինծառայող է. եղբոր հետ Արցախում է: Դպրոց, դասեր. օրվա մեծ մասը զբաղվում են երեխաների կրթությամբ. երկու թոռնիկները դեռ փոքր են:
Զոյա Ամիրյան - Իմ հարսը միակն է, չկա երկրորդը:
Ահա այսպես համերաշխ էլ խոհանոցն են կիսում: Ասում է՝ ինչ ունեն չկիսելու. միայն մի լավություն է մնացել, դա էլ չանե՞ն: Գյուղից տարհանվելուց հետո Հայաստանում են, բայց հիմա սրտատրոփ սպասում են՝ Չարեքթարում տները վերակառուցվում են. ավարտից հետո դեպի Արցախ՝ հարազատ օջախ կտեղափոխվեն: Նախարարությունից հայտնում են՝ ամեն ամիս հյուրընկալողների կամ հյուրընկալողների քանակը կարող է տարբեր լինել: Հյուրընկալողները դիմում են յուրաքանչյուր ամիս, որի համար կա հստակ ժամանակահատված: Օրինակ՝ ապրիլի 25-ից մինչև մայիսի 5-ը կարող են դիմել, մայիսի համար՝ մայիսի 25-ից հունիսի 5-ը ներառյալ:
Արտակ Հարությունյան - Ամեն ամսվա համար ներկայացնում են առանձին դիմում, ներկայացնում են իրենց տվյալները, և միակ փաստաթուղթը, որը կցվում է, էլեկտրոնային պատճենը, հյուրընկալվող չափահաս անձանց անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճեններ են:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն էլ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ գործակցությամբ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ, տեխնիկական աջակցությամբ, ծրագրի համար հատկացվել է շուրջ 295 միլիոն դրամ։ Այս պահին ծրագիրը նորից երկարացնել չի նախատեսվում:
Կգործի շուտով նաև նոր ծրագիր. «Աջակցություն արցախցիներին հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին»: Դիմումներն արդեն ընդունված են, վճարումներն էլ առաջիկա օրերին կարվեն: