ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախապես չազդարարված այց է կատարել Աֆղանստան: Նա հանդիպել է երկրի նախագահ Աշրաֆ Գանիի, Ազգային հաշտեցման գերագույն խորհրդի նախագահ Աբդուլա Աբդուլայի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ ԱՄՆ պետքարտուղարի այցը Քաբուլ մեկնարկել է Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման մասին որոշման պաշտոնական հրապարակումից մեկ օր անց։ Նախագահ Ջո Բայդենի որոշմամբ՝ ԱՄՆ-ն մինչև սեպտեմբերի 11-ը դուրս կբերի զորքն Աֆղանստանից: Դա կանի նաև ՆԱՏՕ-ն: «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները, սակայն, կարծում են, որ Վաշինգտոնը դա պետք է անի մինչև մայիսի 1-ը:
-------------
ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց 10 ռուս պաշտոնյայի և 20 ընկերության նկատմամբ: ԱՄՆ դեսպանին կանչել են ՌԴ արտգործնախարարություն: ՌԴ ԱԳն խոստանում է պատասխան տալ, ընդգծում, որ Վաշինգտոնի թշնամական քայլերը վտանգավոր կերպով ավելացնում են դիմակայությունը երկու երկրի միջև: ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն հայտարարել են, որ աջակցում են ԱՄՆ պատժամիջոցների սահմանմանը:
------------
Թեհրանը կշարունակի միջուկային գործարքի բանակացությունները միայն այն դեպքում, եթե դրանք կառուցողական լինեն՝ հայտարարել Է Իրանի արտագործնախարարի տեղակալ Աբաս Արաղչին: Այսօր ավելի վաղ Իրանի նախագահը հայտնել էր, որ Իրանը կարող է ուրանը հարստացնել մինչև 90 տոկոս, բայց մտադիր չէ ստեղծել միջուկային զենք, ինչի համար իրեն մեղադրում են:
--------------
Թուրքիան կողմերից ոչ մեկին չի պաշտպանում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ստեղծված ճգնաժամում, բայց պատրաստ է աջակցել դրա կարգավորման ուղղությամբ դիվանագիտական ջանքերին՝ հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն: Դոնբասում լարվածությունն այսօր հեռախոսով քննարկել են ՌԴ արտգործնախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն: Մոսկվան շահագրգռված է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հարցում՝ ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: