Խորհրդարանի ամբիոնից վարչապետի արած հայտարարությանը, թե Օնիկ Գասպարյանը չի խոսել պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին, հաջորդեց Անվտանգության խորհրդի հրապարակումը, որը հատված է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստից:
«Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն՝ որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել ... »:
« ... Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք ... »:
Նիստում՝ եզրափակելով ելույթը՝ Գասպարյանը նշել է (մեջբերում եմ). «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»: Մեջբերման ավարտ
Նոյեմբերի 17-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետը հանդես էր եկել ուղերձով և տեղեկացրել, որ պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է հայկական կողմի կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը` նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է կանգնեցնել պատերազմը: Անվտանգության խորհուրդը նաև ներկայացրել է 2020 օգոստոսի 21-ի նիստից հատված, որում Օնիկ Գասպարյանը մասնավորապես ասել է.
« ... Արևելյան օպերացիոն ուղղությունում ..... և հյուսիսարևելյան օպերացիոն ուղղությունում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները, ... »:
Ըստ հրապարակված փաստաթղթի՝ նախկին բարձրաստիճան զինվորականը հավաստիացրել է.
« ... Խնդիրների զգալի մասի լուծումը տեսնում եմ աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում ... »:
Ինչ վերաբերում է զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի պնդմանը, որ հունիսի 12-ին վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև Անվտանգության խորհրդին ներկայացրել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները, անվտանգության խորհրդի՝ այսօր հրապարակված փաստաթղթում ասվում է՝ նիստը կայացել է հունիսի 19-ին, որին Օնիկ Գասպարյանը չի մասնակցել: