Ռուսաստանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված նախաձեռնություններին: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Մենք չենք կարող չողջունել այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Դրա համար հուսալի հիմք են ծառայում անցյալ տարվա նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները: Պատրաստ ենք հետագայում էլ ցուցաբերել բոլոր հնարավոր օժանդակությունները նման գործընթացներին: Իհարկե, Ադրբեջանն ու Հայաստանը դեռևս գտնվում են փոխադարձ վստահության անհրաժեշտ մակարդակի հաստատման և երկկողմ հարաբերությունների կարգավորման դժվարին ճանապարհի սկզբում: Կարևոր է, որ այս առաջխաղացումն ուղեկցվի դրական ֆոնով, ներառյալ տեղեկատվական»,- ասել է Մարիա Զախարովան:
Ըստ նրա՝ ադրբեջանցիների և հայերի միջև փոխգործակցություն ստեղծելու համար դեռ շատ դժվարություններ կան հաղթահարելու:
«Մենք շեշտը դնում ենք այն բանի վրա, որ Հարավային Կովկասի կայունությունն ու կայուն տնտեսական զարգացումը բխում են այս տարածաշրջանում Ռուսաստանի բոլոր գործընկերների շահերից: Մենք ակնկալում ենք, որ գործնական հարցերում կողմերը կձգտեն քայլերի, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանն ու վստահության մթնոլորտի ստեղծմանը, այլ ոչ թե նոր բաժանարար գծերին»,- հավելել է Մարիա Զախարովան: