Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի դեմ՝ ըստ РИА Новости-ի՝ տեղեկացնում է Սպիտակ տունը:
Հունիսի 14-ից ԱՄՆ ֆինանսական հաստատություններին կարգելվի ՌԴ Կենտրոնական բանկից ու Ֆինանսների նախարարությունից պարտատոմսերի ուղիղ գնում իրականացնել:
Բացի դրանից՝ Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել ռուսական վեց տեխնոլոգիական ընկերությունների դեմ, որոնք, ինչպես հայտարարված է, «աջակցություն են ցուցաբերում ռուսական հատուկ ծառայությունների կիբեռծրագրին»: Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Ռուսաստանի 32 ընկերություններ ու քաղաքացիներ՝ «ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար»: Ամերիկյան իշխանությունները երկրից վտարում են ՌԴ դիվանագիտական առաքելության 10 աշխատակցի:
Հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը կանչվել է ՌԴ արտգործնախարարություն: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք կիրազեկենք այդ զրույցի արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների մասին, որն ամերիկյան կողմի համար ծանր է լինելու»,- նշել է Զախարովան: