Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Կանադայի խորհրդարանի Կանադա-Հայաստան բարեկամության խումբը հանդես է եկել Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոյին ուղղված
նամակով, որում հայցել է վերջինիս աջակցությունը հետևյալ խնդիրների բարձրաձայնման հարցում։ Մասնավորապես․
Կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ամբողջությամբ ներգրավվել Արցախյան հիմնախնդրի բանակցություններում և իրենց ջանքերը գործադրել հետպատերազմական պատշաճ հավասարակշռության հաստատման գործում։
Համոզմունք է հայտնել, որ հիմնախնդրի արդար և տևական լուծման հասնելու միակ ճանապարհը Հելսինկիի Եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքների, այդ թվում` ազգերի ինքնորոշման իրավունքի ապահովումն է։
Կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, ինչպես նաև երաշխավորել իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը։