ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը բանակցություններ է վարել Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Ուրախ եմ ողջունել Ձեզ Մոսկվայում: Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում»,- բանակցությունների մեկնարկին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Վալերի Գերասիմովն ընդգծել է, որ երկրների համագործակցությունն ամրապնդվում է թե՛ երկկողմ հիմքով և թե՛ միջազգային կառույցների, նախևառաջ ՀԱՊԿ-ի շրջանակում:
Նրա խոսքով՝ բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունների ցուցիչը Հայաստանի տարածքում գործող ռուսական 102-րդ ռազմաբազան է:
«Մենք շարունակում ենք որակյալ կադրեր պատրաստել Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուհերում»,- նշել է Վալերի Գերասիմովը:
Նա նաև հավելել է, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի ժամանակ օգնություն է ցուցաբերվել հայ զինծառայողների ախտորոշման հարցում: Ընդհանուր առմամբ՝ անցկացվել է ավելի քան 22 հազար հետազոտություն:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն ամեն տարի մասնակցում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության լայնածավալ միջոցառումներին, և պատվիրակությունները մշտապես ներկայացվում են բարձր մակարդակով»,- ասել է Գերասիմովը:
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ այս տարի անցկացվում են միջազգային անվտանգության թեմայով մոսկովյան 9-րդ համաժողով, միջազգային բանակային խաղեր և «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորում: «Այս միջոցառումներում ակնկալում ենք ՀՀ զինված ուժերի պատվիրակությունների և թիմերի, ինչպես նաև ստորաբաժանման մասնակցությունը «Արևմուտք-2021» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին»,- հայտարարել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը:
«Այսօր մենք հնարավորություն ունենք քննարկելու պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության արդիական հարցերը»,- ամփոփել է Վալերի Գերասիմովը: