Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի քննարկմանը ներկայացրեց նախորդ տարի նախարարության իրականացրած աշխատանքները:
Նախարարը հիշեցրեց՝ որքան բարդ տարի է եղել 2020-ը տնտեսական առումով, բայց նաև հավելեց, որ դրական արդյունքներ էլ կան:
«Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման շրջանակում 576 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար պետբյուջեից հատկացվել է 14.3 միլիարդ դրամ: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 26 միլիարդ դրամ, համայնքների ֆինանսավորումը՝ 11 միլիարդ, իսկ այլ կազմակերպությունների և մասնավորների ներդրումը՝ շուրջ 700 միլիոն: Սա մեր այն ձեռքբերումն է, որ հնարավորություն ենք ստեղծել համայնք-պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում ապահովել համայնքային ենթակառուցվածքների զարգացումը»,- նշեց Պապիկյանը:
Նախարարի խոսքով՝ 2020 թվականի ընթացքում իրականացվել է.
-
բնակավայրերի փողոցների կառուցում կամ նորոգում՝ 169 ծրագիր կամ ընդհանուր ծրագրերի 29 տոկոսը՝ 14.3 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, և 158 կմ ասֆալտապատված և սալիկապատված համայնքային ճանապարհներ:
-
Խմելու ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերի կառուցում և նորոգում՝ 64 ծրագիր կամ ընդհանուր ծրագրերի 11 տոկոսը կամ 4.2 միլիարդ ընդհանուր արժողությամբ:
-
Ոռոգման համակարգերի կառուցում և նորոգում՝ 37 ծրագիր կամ ընդհանուր ծրագրերի 6 տոկոսը՝ 1.1 միլիարդ ընդհանուր արժողությամբ:
-
Փողոցային լուսավորություն՝ 87 ծրագիր, ընդհանուրի 14 տոկոսն է՝ 1.4 միլիարդ ընդհանուր արժեքով:
-
Վերականգնող էներգետիկա, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում, 17 ծրագիր կամ ընդհանուր ծրագրերի 3 տոկոսը՝ 303 միլիոն դրամ ընդհանուր արժեքով:
-
Բնակավայրերի գազիֆիկացում:
-
Մանկապարտեզների կառուցում և վերակառուցում՝ 39 ծրագիր՝ 1.6 միլիարդ ընդհանուր արժողությամբ:
-
Հասարակական շենքերի, մշակութային տների, համայնքային կենտրոնների կառուցում և վերանորոգում՝ 1.5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով՝ 70 ծրագիր:
«2020 թվականին ապահովվել է համայնքների կարողությունների զարգացման ուղղությամբ աշխատանքների շարունակական ընթացը, որի շրջանակում 28 միավորված համայնքներին տրամադրվել է մեքենասարքավորումների և գործիքների շուրջ 1.85 միլիարդ դրամ արժեքով գյուղտեխնիկա և սարքավորումներ, շուրջ 500 միլիոն դրամ արժեքով տրամադրվել է 100 կ/վտ ընդհանուր հզորությամբ 5 արևային կայան՝ շուրջ 30 միլիոն դրամ արժողությամբ: 6 համայնքներում իրականացվել են ջրամատակարարման համակարգի բարելավում և մանկապարտեզների կառուցման աշխատանքներ՝ 280 միլիոն դրամ արժեքով: Ընդհանուր առմամբ կատարվել է 2.66 միլիարդ դրամի ներդրում»,- նշեց նախարարը:
Նախորդ տարի մեկնարկել է նաև 1988-1991 թթ. Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին բնակարանով ապահովելու ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում Կառավարության որոշմամբ շուրջ 2.1 միլիարդ դրամ տրամադրվել է 188 ընտանիքի բնակարանային խնդիրների ապահովման համար:
«Մեկնարկել է Գեղարքունիքի մարզի Մասրիկ տեղանքում 55 մեգավատտ պիկային հզորությամբ Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի շինարարական աշխատանքների փուլը: Կառուցման փուլում են մինչև 5 մեգավատտ դրվածքային հզորությամբ 46 արևային կայանները»,- նշեց Պապիկյանը:
Նախարարը նշեց, որ դադարեցվել է 10 ընդերքօգտագործման իրավունք: Տրված զգուշացումների արդյունքում 217 միլիոն դրամից ավելի պարտք է վճարվել պետբյուջե:
«Իրականացվել է 13 հեռացող ջրանցքների վերականգնում՝ մոտավորապես 51 կմ երկարությամբ, և ինքնահոս համակարգերի՝ Մեղրի, Գեղարդալիճ, Քաղցրաշեն, Բաղրամյան, Նորակերտ, վերականգնում: Վերականգնվել է մայր ջրանցքների 8-կիլոմետրանոց հատված, 22 երկրորդ կարգի ջրանցքների՝ 60 կմ, և երրորդ կարգի ջրանցքների՝ շուրջ 60 կմ»,- նշեց նախարարը: