ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Կառավարության ծրագրի՝ 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ 44-օրյա պատերազմին և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թ. նոյեմբերի 17-ի հայտարարությանը: Հիշեցնենք՝ Գասպարյանը հայտարարել էր, թե պատերազմի չորրորդ օրը ԱԽ նիստի ժամանակ ներկայացրել է հայկական կողմի կորուստները, ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԶՈՒ գնահատականներն ու առաջարկել, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար:
«Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետն իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի: ԳՇ պետը նման բան չի ասել, դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ: Ընդհակառակը, սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում ասել է՝ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, ԶՈՒ-ն կատարում են իրենց առաջ դրած առաջադրանքները և մինչև վերջ կկատարեն»,- մանրամասնեց Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ սեպտեմբերի 30-ին ԳՇ պետը չէր էլ կարող նման բան հայտարարել, քանի որ 2020 թ. օգոստոսի 21-ին ԱԽ նիստում զեկույց է ներկայացրել՝ հավաստիացնելով. «Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները: Սա Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գնահատականն է եղել 2020 թվականի օգոստոսի 21-ին և 2020 թվականի սեպտեմբերի 30-ին:
Այս ամենը, սակայն, չի նշանակում, թե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել րոպե առաջ հրադադար հաստատելու ուղղությամբ»: