Պատերազմի ընթացքում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը փորձել է հանձնել Արցախի յոթերորդ պաշտպանական շրջանը, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ անդրադառնալով Հակոբյանի հայտարարությանը, թե ՀՀ վարչապետը պատերազմի ընթացքում հրահանգել է դադարեցնել զորահավաքը:
«Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ ուղիղ եթերում հանդես ես գալիս մարտակոչով, հետո, հենց ուղիղ եթերը դադարում է, գնում հեռախոսը վերցնում, ասում ես՝ դադարեցրեք: Հայտարարությունն անհեթեթ է: Երբ նա, բարձրաստիճան զինվորական լինելով, փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչ օրս հայկական զինված ուժերի տրամադրության տակ է»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ պատերազմի ընթացքում դա միակ ռազմականին մոտ որոշումն է եղել, որն ինքը կայացրել է: