Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջազգային գործընկերների, այդ գործում ներգրավված միջազգային գործող անձանց կողմից մենք վերջին շրջանում ստացել ենք որոշակի ահազանգեր, որ այնտեղ կան խնդիրներ, և կարող են լինել չարաշահումներ կապիտալը Հայաստանից դուրս հանելու իմաստով՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա ահազանգ է, որը պետք է ստուգվի, և, որքան տեղյակ եմ՝ ՊԵԿ-ում հարուցված է քրեական գործ: Իրականացվել են մի շարք հարցումներ, և այդ հարցումների պատասխաններին սպասում են մեր իրավապահները»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ազգային հարստություն է, բայց արդյոք այդ ազգային հարստությունը հարստացնո՞ւմ է ազգին, թե՞ այդ հարստությունը հարստացնում է էլի որոշակի կոռումպացված շրջանակների:
«Սա հարց է, որի պատասխանը, ամենայն մանրամասնությամբ, պետք է ստանալ, բայց պետք է ստանալ օրինականության, արդարության, տրամաբանության շրջանակներում»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ վերադառնալով 2000-ականներ՝ պետք է տեսնենք, թե ինչպե՛ս է սեփականաշնորհվել կոմբինատը, ինչ գնով, ում կողմից, ում անուններն են շոշափվում, ինչպես են դարձել սեփականատեր ու մի շարք հարցեր, որոնց պատասխանը հայ ժողովուրդը պետք է ստանա: