Ադրբեջանը մի պահից հրաժարվել է օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հայտարարում է վարչապետը խորհրդարանում: Օրակարգում Կառավարության 2020-ի կատարողական ծրագրի քննարկումն է, գլխավոր թեման՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, 2016-ի քառօրյա, նախորդ տարվա 44-օրյա պատերազմի պատճառների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է՝ պատերազմից հետո երկրի նախկին ղեկավարները հայտարարություններ են տարածում, որոնք հստակ պարզաբանման կարիք ունեն: Ըստ Փաշինյանի՝ առնվազն 2011 թվականից, երբ ադրբեջանական կողմը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշում, միջազգային հանրությունը Ադրբեջանին ոչ թե համոզել է կառուցողական դաշտ գալու, այլ հայկական կողմի առաջ դրել է խնդիր՝ ավելի շատ զիջումների գնով Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու: Վարչապետը նկատում է, այս երևույթի մասին բազմիցս հարցազրույցներում խոսել է նաև այդ ժամանակ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը: 2020-ին Հայաստանն ամենաբարձր մակարդակով երեք անգամ փորձել է հասնել հրադադարի, բայց Ադրբեջանը խախտել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում ձեռք բերված պայմավորվածությունները: Իսկ այս պատերազմին, համաձայն պայմանավորվածության, վարչապետը հիշեցնում է՝ զանգահարել է Ռուսաստանի նախագահին, հայտնել հրադադարի հայկական կողմի ցանկությունը՝ 5+2 ձևաչափով ԼՂ հարակից 7 շրջանի վերադարձի պայմանով: Իսկ այդ պայմանը նախկինում էլ միջնորդների կողմից Հայաստանին առաջարկվել է:
Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է՝ դեռ այն ժամանակ իրավիճակը ներկայացրել է ինչպես երկրի բարձրագույն ղեկավարությանը, այնպես էլ ընդդիմադիր ուժերին: Վարչապետը կրկին հերքում է պատերազմից հետո՝ նոյեմբերի 17-ին, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, թե պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստին Գասպարյանը ներկայացրել է կորուստները և նշել, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու համար:
Փաշինյանն արձագանքում է նաև պատերազմից հետո Հայաստանի նախկին ղեկավարների հայտարարություններին՝ ասելով, որ դեռ 2017-ին Ադրբեջանն Երկրի ուղեծրում ուներ երեք արբանյակ, մեկը՝ հետախուզական: Իսկ մինչ Ադրբեջանն արբանյակ էր գնում, Հայաստանում իշխանությունները, որտեղ հնարավոր էր՝ հողամասեր: Ապա՝ Փաշինյանը ցույց է տվել 2017 թվականի վերլուծություն, ըստ որի՝ պայմանական միավորներով 10:1 հաշվով Հայաստանը զիջել է Ադրբեջանին, կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման տեսակարար կշռով: Հաշվարկի մեջ չեն էլեկտրաէներգետիկ համակարգը, տրանսպորտը և սպառազինությունը: Ըստ Փաշինյանի՝ եթե սրանք էլ ներառվեին, հարաբերակցությունը կլիներ 20:1:
Ապագայի տեսլականի մասին. մեր երկրի արտաքին անվտանգության ապահովման գլխավոր երաշխավորը հայ-ռուսական ռազմական դաշինքն է՝ հայ-ռուսական միացյալ զորախմբավորումով, հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգով: Հետևաբար հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա: Այժմ քննարկվում է Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու հարցը: Վարչապետը նշել է, այնուամենայնիվ, պետք է մեր առաջ դնենք Արցախի դեօկուպացիայի խնդիր՝ «անջատում հանուն փրկության» բանաձևով: Ըստ վարչապետի սա պետք է լինի ոչ թե ռազմական հարց, այլ դրվի հետագա բանակցային գործընթացում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև վերջերս Բաքվում բացված հայատյացության ամենամեծ դրսևորմանը՝ այսպես ասած պուրակին, շեշտել, որ միջազգային հանրությանը պետք է անընդհատ հիշեցնել այդ մասին՝ հետագա ատելության դրսևորումներից խուսափելու համար: Ուշադրության կենտրոնում պետք է լինի նաև կապն արտաքին աշխարհի հետ, այնինչ Ադրբեջանն անում է հնարավորը՝ Հայաստանին շրջափակման մեջ պահելու համար, նշել է վարչապետ Փաշինյանը՝ շեշտելով, որ օր առաջ պետք է երկաթուղային ճանապարհ բացել դեպի Ռուսաստան և Իրան:
Վարչապետը նշել է նաև, որ դաշնակցային հարաբերություններով Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը շարունակելու է մնալ Ռուսաստանը: Մեր երկրի սահմանների անվտանգությունը նախատեսվում է ապահովել սահմանապահ զորքերով և ստեղծել պրոֆեսիոնալ բանակ: Վերադառնալով 2020-ի այլ ոլորտների աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ պրոֆեսիոնալ ուսուցիչների աշխատավարձը անընդհատ կավելանա, քանի որ ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30-50 տոկոսով: Հետո հնարավորություն կունենան հավաքել կրեդիտներ, բարձրացնել իրենց որակավորման հավաստման մակարդակը և շարունակաբար ունենալ աշխատավարձերի բարձրացում:
Գիտության ֆինանսավորման ավելացումով էլ, 2022-2025 թվականներին գիտության ֆինանսավորումը տարեկան միջինում աճելու է 3-5 մլրդ դրամով: Հիմա ներդրվում է համակարգ, որով գիտաշխատողների աշխատավարձերի շարունակական բարձրացման հնարավորություն տրվի: