«ԱրԱվես» ՀԿ-ն ուշագրավ տեղեկատվություն է ներկայացնում գարնան խորհրդանիշ սպիտակ արագիլների մասին։
Գիտե՞ք, որ արագիլները չունեն ձայնալարեր և միմյանց հետ շփվում են կտուցները կտկտացնելով, որը գիտականորեն կոչվում է կափկափյուն: Թեև Արարատյան դաշտավայրի արագիլները մեծ մասամբ չեն հեռանում Հայաստանից, չեն չվում, բայց ինչպես մյուսները, նորոգում են իրենց կապը զույգի հետ՝ կափկափյունով հաստատելով հավատարմություն և սեր, համերաշխություն և ներդաշնակություն։
Չափազանցրած չենք լինի, եթե նշենք, որ հայերի համար գարնան ավետաբերների շարքում առավել մեծ սիրո և պաշտամունքի առարկա է եղել հատկապես արագիլը։ Նա յուրահատուկ տեղ ունի նաև հայոց դիցարանում՝ որպես Արա Գեղեցիկի ուղեկից, հանդիսացել է պտղաբերության խորհրդանիշը։
Հիշեցնենք, որ մեկնարկել է «Գարնանն ընդառաջ» միջազգային ծրագիրը, որի նպատակն է խրախուսել երեխաների հետաքրքրությունը բնության, չվող թռչունների և այլ կենդանատեսակների պահպանության գործում։ Ծրագրի շրջանակներում հետաքրքիր մրցույթ է նախատեսվում ուսուցիչների և նրանց աշակերտների համար։ Մասնակիցները խրախուսվում են անցկացնել յուրաքանչյուր նախընտրելի ձևաչափով դասընթաց կամ որևէ միջոցառում աշակերտների մասնակցությամբ «Գարնանն ընդառաջ»-ի թեմայով՝ «Ինչպե՞ս պաշտպանել թռչունների բները»։
Մրցույթը միջազգային է, և մասնակիցները հնարավորություն ունեն ցուցադրելու լավագույն արդյունքները տարբեր երկրների ներկայացուցիչների շարքում։ Պետք է պարզապես անցնել հղումով, լրացնել ձևաթուղթը և մասնակցել /http://www.springalive.net/world/contest /։