Սահմանադրական դատարանը կանգնեց սահմանադրական կարգը տապալողի կողքին ու ինքը տապալեց սահմանադրական կարգը, այսօր Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց բողոքի ակցիային հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նրա խոսքով՝ դատական համակարգում տիրող գլոբալ ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ են արմատական քայլեր և, որ ամենակարևորն է՝ քաղաքական կամք՝ բոլոր օղակներում:
Արման Բաբաջանյան (ՀՀ ԱԺ պատգամավոր) - էս մեր բողոքի ակցիան ու մեր մյուս գործողությունները` նաև հանրային պահանջի տեսքով, նրա համար են, որ կառավարությունը սթափվի ու գնա այնպիսի լուծումների, որ ստանձն է առել վարչապետը 2019-ի մայիսի 20-ին՝ վիրահատական միջոցներով վեթինգի ենթարկելու դատական համակարգը, առողջացնելու դատական համակարգը, որովհետև այսպիսի դատական իշխանության գոյությունը ուղղակի սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգությանը:
«Հանուն Հանրապետության» կուսակցության կազմակերպած բողոքի ակցիային մասնակցում էին իրավապաշտպաններ, փաստաբաններ, որոնք, իրենց բնորոշմամբ՝ տարիներ շարունակ առերեսվել են հանցավոր գործունեությամբ աչքի ընկած դատավորների հետ, ինչպես նաև քաղաքացիներ, որոնք վստահեցնում են՝ տուժել են դատական համակարգի անօրինական գործունեությունից: Նրանց շարքերում է նաև մարտի մեկի տուժող Գոռ Քլոյանի հայրը:
Սարգիս Քլոյան (Գոռ Քլոյանի իրավահաջորդը) - Վարդազարյանից պահանջում ենք՝ դուք իրականացրեք ոչ թե արդարադատություն, այլ անկախություն...
«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը խորհրդից պահանջում է գոնե պահել չեզոքությունը: Սաֆարյանն ասում է՝ արդարություն վերականգնելու համար իրենք ջանք չեն խնայելու:
Սեդա Սաֆարյան (փաստաբան) - Կբողոքարկենք այս որոշումները, մենք կունենանք Եվրոպական դատարաններում վճիռներ տասնյակների ու հարյուրների հասնող, որովհետև դատարանը ստիպված է արձանագրել՝ իրավական պաշտպանության միջոց Հայաստանի տուժողները չեն ունեցել, էսպիսի երկրին ոչ ոք չի կարող հարգել, վարկանիշը ոչ մի տեղ բարձր լինել չի կարող:
Ներկաները պնդում են՝ Սահմանադրական դատարանի այդ որոշումից հետո նախկինները փորձելու են առաջիկա ընտրություններում հասնել ռևանշի ու հետ բերել նախկին համակարգը: Բողոքի ակցիաներ են նախատեսում նաև դատախազության, Սահմանադրական դատարանի, ԱԺ-ի և Կառավարության դիմաց: