Մեր բոլոր ձախողումները հետևանք են այն բանի, որ հավատացել ու հավատում ենք մեր իդեալներին և շարունակաբար ու հետևողականորեն գնում այդ իդեալների հետևից՝ խորհրդարանում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ եթե 2018-ին իրենք ուզենային հսկողության տակ վերցնել ամբողջ դատական համակարգը, ջանք չէր պահանջի, բայց արդյունքում կունենայինք ընտրովի արդարադատության փոխարեն այլ ընտրովի արդարադատություն:
«Սա է պատճառը, որ մենք փորձում ենք գնալ ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով, և, այո՛, մենք դրանից տուժում ենք, դժվար ճանապարհ է դա: Եվ մենք հետևողաբար գնալու ենք այդ ճանապարհով, ոչ թե դատական համակարգը ենթարկեցնելու գործադիր իշխանությանը, այլ դատական համակարգի անկախության իրական հնարավորություն և իրական դատական համակարգ ստեղծելով»,- նշեց Փաշինյանը:
Հայաստանի դատական համակարգում միշտ եղել է հետևյալ վիճակը՝ եղել է ճշմարտություն, որը հայտնի է եղել ամբողջ ժողովրդին, և եղել են դատական ակտեր, որոնք չեն համապատասխանել ճշմարտությանը՝ նշեց վարչապետը:
«Մենք չենք ուզում ուրիշի խամաճիկային դատական համակարգը փոխարինել մեր խամաճիկային դատարանով, որովհետև մենք կդառնանք այնպիսին, ինչի դեմ պայքարել ենք: Բայց, համաձայն եմ, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք: Ոչ մի երկրում այդ ճանապարհը հեշտ չի եղել»,- նշեց վարչապետը՝ հրաժարվելով մեկնաբանել «Մարտի 1»-ի գործով ՍԴ որոշումը: