Սիրելի՛ ժողովուրդ, չհուսահատվե՛ք, չվհատվե՛ք, դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետև Հայաստանում կա ապագա: Հայաստանում, Արցախում ապագա կա, հայ ժողովուրդն ունի ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր այդ ապագան՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
«Ապագայի մասին խոսակցության ամենակարևոր մասը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք որպես բանակցային հարց պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը: Մենք սա պետք է ձևակերպենք ոչ թե որպես ռազմական, այլ որպես բանակցային, քաղաքական հարց»,- ասաց վարչապետը:
Նա ընդգծեց, որ պետք է հետևողականորեն շարունակել Լեռնային Ղարաբաղի համար «Անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործումը:
«Դուք տեսաք, թե երեկ կամ նախօրեին ինչ իրադարձություններ տեղի ունեցան Ադրբեջանում: Դա ուղղակի աներևակայելի մի բան է: Կարծում եմ՝ մենք բոլոր հնարավոր ամբիոններից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ կարող է պատերազմի տառապանքների և զոհերի թանգարան բացվեր մի երկրում, որը հայատյացության, ատելության ամենամեծ և ամենակարևոր դրսևորումն է, և սա ամենամեծ հիմքն է, որ մենք միջազգային հանրությանը ի ցույց դնենք Լեռնային Ղարաբաղի համար «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը, որը մեր հետագա բանակցային գործընթացի առանցքը պետք է կազմի»,- ասաց վարչապետը: