Մի ամբողջ օր՝ ապրիլին 16-ին, հանրապետության գրեթե բոլոր կինոթատրոնները կցուցադրեն հայկական հին ու նոր ֆիլմեր: Նախաձեռնությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնինն է, նվիրված է հայ կինոյի օրվան: Ցուցադրվող Ֆիլմերն ընտրել են հենց կինոթատրոնները: Վերջին երկու տարվա ընթացքում պետական աջակցություն ստացած կինոնկարներն էլ ներառվել են «Մոսկվա» կինոթատրոնի ֆիլմացանկում:
Շուշանիկ Միրզախանյան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն - Նպատակն է հանրայնացնել այսօրվա ժամանակաից կինոն: Ուզում եմ նշել, ծրագիրը կազմելուց ուշադրություն էինք դարձնում կարճամետրաժ ֆիլմերին, քանի որ նրանց մեջ բազմաթիվ ֆիլմեր են, որ ստեղծվել են երիտասարդ կինոգործիչների կողմից:
Կինոկենտրոնը վերջին երկու տարում մեծ ուշադրություն է դարձնում դեբյուտներին: Բյուջեի ավելի քան 40 տոկոսն էլ հատկացվում է սկսնակ կինոգործիչներին: Որոշ ֆիլմեր նվաճումներ են ունեցել հեղինակավոր մրցույթներում:
Շուշանիկ Միրզախանյան - «Երբ որ քամին կհանդարտվի» Նորա Մարտիրոսյանի ֆիլմը, որը Կաննի միջազգային կինոփառատոնին էր ներկայացվել, ընդգրկվել է հիմնական մրցութային ծրագրում:
Հայաստան, ֆրանսիա, Բելգիա՝ համատեղ արտադրության հայկական այս ֆիլմը վերջին տարիներին առաջին էր, որ հասավ Կաննի փառատոն: Վերջին անգամ Ֆրանսիայի հեղինակավոր փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել էր ֆրունզե Դովլաթյանի «Բարև ես եմ» ֆիլմը՝ 1965 թվականին: Ապրիլի 16-ին, հայ կինոյի համար շատ կարևոր այս օրը, ներկա կլինեն նաև ցուցադրվող ֆիլմերի ստեղծագործական թիմերը:
Րաֆֆի Մովսիսյան, կինոքննադատ - Սա ոչ միայն անցյալը վերարժևորելու, անցյալի առաջ խոնարհվելու, այլ դեպի առաջ նայելու, լուծման խնդիրները տեսնելու հնարավորություն է:
Օրը տոնական է, բայց մուտքն ազատ չի լինի: Ֆիլմերը դիտելու համար տոմսեր կարելի է ձեռք բերել սիմվոլիկ՝ 1000 դրամով: Կինոցուցադրումների հանրային արշավին միացել են նաև Հայաստանի մարզերը: