ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարին:
Փաշինյանը ներկայացրեց՝ նախորդ տարի սեպտեմբերին դատախազությունում ստեղծվեց համապատասխան ստորաբաժանում, իսկ վերջերս համակարգ ընդունվեցին դատավորներ, որոնք զբաղվելու են ապօրինի գույքի բռնագանձման պրոֆեսիոնալ գործերով:
«Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը մեկ-երկու ամսվա ընթացքում կսկսի լիարժեք աշխատել: Թե պրակտիկայում ինչպիսի՛ դրսևորումներ մենք կունենանք՝ ցույց կտա ժամանակը: Մենք ասում ենք՝ ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտ, բայց մենք ուզում ենք, որ այդ պրոցեսն իրականացնի ոչ թե կառավարության համար վերահսկելի կամ խամաճիկային դատական համակարգ, այլ անկախ դատական համակարգ: Իհարկե այդ ընթացքում, տեսնում եք՝ մենք շատ բարդությունների ենք հանդիպում, բայց եթե իդեալիդ հետևից գնում ես, չպետք է կանգնել կես ճանապարհին»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ համոզված է՝ այս գործընթացի վերջում ունենալու ենք իրապես անկախ դատական համակարգ, որտեղ կայացված բոլոր վճիռներն ընդունվում են ի գիտություն: