Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում գործունեություն իրականացնող սուբյեկտներին 8 ամիս շարունակ վճարվում են աջակցության գումարներ:
Կոմիտեն ամբողջությամբ գնահատել է տնտեսվարող սուբյեկտների` ՀՀ Կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի թիվ 1358-Լ որոշման պայմաններին բավարարելու հանգամանքը: Արդյունքում՝ 2021 թ. ապրիլի 14-ի դրությամբ միջոցառման շահառու համարված 1375 տնտեսվարող սուբյեկտի վճարվել է ընդհանուր առմամբ շուրջ 4.7 մլրդ դրամ` 2020 թ. հուլիսից մինչև 2021 թ. փետրվար ամիսների համար:
ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ 2021 թվականի մարտ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարների ամսական հաշվարկների տվյալներով (որի ներկայացման վերջնաժամկետը դեռևս ավարտված չէ) միջոցառման շահառու հանդիսացող սուբյեկտներին աջակցությունը կհաշվարկվի և կվճարվի նշված որոշմամբ սահմանված ժամկետում` 2021 թվականի մայիսի սկզբին: