Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Հայաստանի վարչապետը համարում է «շատ օգտակար»: Նիկոլ Փաշինյանը կարևորում է, որ հայտարարության մեջ նշված էր գերիների և այլ պահվող անձանց վերադարձնելու, բանակցային գործընթացը հայտնի սկզբունքներով շարունակելու անհրաժեշտությունը: Այդ սկզբունքներից մեկը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցի լուծումն է:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք այս հարցում կունենանք առավելագույնս կառուցողական դիրքորոշում, բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելու և բովանդակային հարցի լուծման իրական, վերջնական կարգավորման հասնելու նպատակով: Մենք պատրաստ ենք այդպիսի խոսակցության, մենք ցանկանում ենք այդպիսի խոսակցություն:
Որքանո՞վ է իրատեսական Մինսկի խմբի միջնորդությամբ քաղաքական երկխոսության վերականգնումը: Արտաքին գերատեսչության ղեկավարը կարևոր է համարում համանախագահների մեկնաբանումը՝ հակամարտությունը պետք է վերջնական և համապարփակ կարգավորում ստանա՝ կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա: Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը հայտնի է:
Արա Այվազյան (ՀՀ ԱԳ նախարար) - Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և որը կորոշի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա, կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորում:
Համանախագահների հայտարարությունը վկայում է՝ նրանք վերադառնում են. այս կոնտեքստում է հարցին անդրադառնում քաղաքագետն ու արձանագրում՝ բազմաթիվ խնդիրներ կան կուտակված, որոնք հնարավոր է լուծել այս ձևաչափում:
Նարեկ Մինասյան (քաղաքագետ) - Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային միակ մանդատ ունեցող կառույցն է, որն ունի բավականին փորձ, և Մինսկի խմբի «վերադարձը» բավական կարևոր է այս առումով, և կարծես թե որոշակի տարաբնույթ կոնսուլտացիաներից հետո Մինսկի խումբը ևս կարողացել է ուրվագծել այն օրակարգը, որոնցով իրենց աշխատանքները պետք է առաջ շարժվեն:
Նարեկ Մինասյանը համանախագահների հայտարարության մեջ մի քանի շեշտադրում է առանձնացնում: Նախ ընդգծում է՝ չնայած Ալիևի տարաբնույթ հայտարարությունների, թե ղարաբաղյան հարցը լուծված է, իրականում այն մնում է չլուծված: Համանախագահներն առաջարկում են հայտնի սկզբունքների հիման վրա առաջ շարժվել և հասնել տևական խաղաղության: Թեև Բաքուն հայտարարում է, թե գերիների հարցը լուծված է, Մինսկի խմբի ուշադրության առանցքում շարունակում է մնալ գերիների և պահվող անձանց վերադարձը:
Նարեկ Մինասյան - Փաստացի համանախագահները արձանագրում են, որ իրենք այդքան էլ համաձայն չեն տվյալ մոտեցման հետ՝ ըստ էության իրենց օրակարգում ամրագրելով գերիների և պահվող անձանց վերադարձի խնդիրը, նրանք առաջնային պլան են բերում խնդիրը, ինչը կարևոր է մեզ համար:
Ի՞նչ սպասել հայտարարությունից հետո՝ Մինասյանը հորդորում է՝ ակնկալիքների հարցում զուսպ լինել: Հաշվի առնելով նոր հանգամանքները՝ համանախագահները փորձում են երկխոսության և քննարկումների նոր հարթակ ստեղծել: