ՀՀ Վայոց ձորի մարզային գրադարանը համալրվել է «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի կողմից նվիրված մանկական գրականության նոր գրքերով:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի միջև համագործակցության արդյունքում «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի ղեկավար Վահրամ Կարապետյանի կողմից Վայոց ձորի մարզային գրադարանին է նվիրաբերվել 179 անուն գիրք:
Գրքերի ընդունման արարողակարգին ներկա է եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, որը շնորհակալություն է հայտնել կենտրոնին համագործակցության համար՝ նշելով, որ նվիրատվությունն արժեքավոր է ոչ միայն գրադարանի, այլ ամբողջ մարզի երեխաների համար, և վստահեցրել, որ այդ գրքերն իրենց արժանի տեղը կգտնեն նրանց կյանքում:
Մարզային գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը նույնպես իր խորին շնորհակալությունը հայտնելով նշել է, որ շուտով ընթերցողների սեղանին կհայտնվի այդքան սպասված գրականությունը, որն անփոխարինելի դեր կխաղա երեխայի զարգացման և որպես անհատ ձևավորման գործում:
Նվիրված գրքերի շարքում ներառված են ինչպես ռուս հայտնի հեղինակների ստեղծագործություններ, այնպես էլ հայ և միջազգային գրողների աշխատանքներ՝ ռուսերեն թարգմանությամբ: Գրքերի այս հարուստ շտեմարանում յուրաքանչյուր երեխա կգտնի իր համար ամենասիրելի ստեղծագործությունը: