Հունիսի 20-ին արտահերթ ընտրություն կազմակերպելու համար վարչապետը հրաժարական կտա ապրիլի վերջին տասնօրյակում։ Խորհրդարանում այսօր հայտարարեց Փաշինյանը, հստակեցրեց՝ դրանից հետո, ինչպես մայր օրենքն է սահմանում, երկու անգամ, մեկ շաբաթ տարբերությամբ, «Իմ քայլը» Փաշինյանին կառաջադրի վարչապետի պաշտոնում, քաղաքական պայմանավորվածությունների համաձայն էլ այլ թեկնածու չի առաջադրվի: Երկու անգամն էլ ԱԺ-ն Կառավարության ղեկավար չի ընտրի, խորհրդարանը կլուծարվի իրավունքի ուժով։
Հետընտրական զարգացումներ էլ վարչապետը չի կանխատեսում, նկատում է՝ սովորաբար ընտրություններ կեղծողն իշխանությունն է լինում, իսկ իրենց քաղաքական ուժի սկզբունքը մեկն է՝ ձեռքը կկտրեն, բայց քաղաքացու քվեին չեն կպնի։
«Լուսավոր Հայաստանի» ղեկավարն էլ դիմեց Փաշինյանին ու ապացույցներ պահաջեց այսօր Օնիկ Գասպարյանի մասին նրա արած հայտարարության վերաբերյալ։ Փաշինյանն առավոտյան հերքել էր ԳՇ նախկին պետի՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունն այն մասին, թե պատերազմի 4-րդ օրը նա վարչապետին հորդորել է անհապաղ կանգնեցնել ռազմական գործողությունները։ Կեսօրին արդեն գեներալ-գնդապետը պատասխանել էր Փաշինյանին՝ սուտ որակելով նրա ասածները։
Գաղտնի փաստաթղթերում Գասպարյանի խոսքերը մանրամասն արձանագրված են՝ նշեց Փաշինյանը, շեշտեց՝ ապացուցելի է նաև Մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ իր արած հայտարարությունն այն մասին, որ ԳՇ նախկին պետը վարչապետի ու կառավարության հրաժարականը պահանջող հայտարարությունն ստորագրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դրդմամբ: Գասպարյան, ըստ վարչապետի, անձամբ է պատմել Սարգսյանի հետ զրույցների մասին։
Թե ինչու նոյեմբերից այս կողմ չի հրապարակվել իրականությունը Մարուքյանի հարցին Փաշինյանն ասաց՝ չի ցանկացել ի ցույց դնել գործող գեներալների վախկոտությունը։ Վարչապետը չհերքեց նաև, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ գտնվել է ՊՆ ապաստարանում, Գասպարյանին հանձնարարել է հանդիպել որոշ ուժերի ղեկավարների հետ։
«Լուսավորի» քարտուղարն էլ Փաշինյանին հարցրեց՝ Օնիկ Գասպարյանի զեկուցածը վարչապետը քննարկել է իր երկու խորհրդականի հետ, որոնք պաշտպանական հարցերում մեծ փորձ ունեն՝ մեկն այսօր ոլորտի ղեկավարն է՝ Վաղարշակ Հարությունյանը, մյուսն էլ Արշակ Կարապետյանը, որը երեկ նշանակվեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։
«Լուսավոր Հայաստանն» այսօր գրեթե ողջ կազմով էր հերթագրվել: Անի Սամսոնյանը գերիների թեմային անդրադարձավ, ապրիլի 8-ին Ադրբեջանից եկող ռուսական օդանավը Երևան իջավ դատարկ, հիշեցրեց, թեև վարչապետի խոսնակը, փոխվարչապետը Ավինյանի գրասենյակը հաստատել էին գերիերի վերադարձի փաստը, սակայն դրանից հետո խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հակասական հայտարարություն էր արել։ Ո՞վ է մեղավոր մարդկանց սպասումները չարդարացնելու համար՝ հարցրեց Սամսոնյանը։
Գերիների վերադարձի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի հետ գրավոր է՝ նշեց վարչապետը, դա նոյմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, որն ուժի մեջ է ամեն օր։ Այն, որ պաշտոնական Բաքուն չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, Հայաստանը ներկայացնում է միջազգային հանրությանը՝ ասում է Փաշինյանը, հիշեցնում երեկվա ԵԱՀԿ միսնկի խմբի համանախագահների հայտարարությունը, որտեղ հստակ ամրագրվել է գերիների վերադարձի անհրաժեշտությունը։ Այս հարցում համընկնում են նաև Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների պատկերացումները։
Տիգրան Ուրիխանյանի հարցն էլ իրավական էր։ Անկախ պատգամավորը նկատեց՝ իշխող ուժի ջանքերով ձևավորված Սահմանադրական դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն անմեղ ճանաչվեց։ Հարցրեց՝ ի վերջո ամբողջ ծավալով բացահայտվե՞լ է 13 տարի առաջ Երևանի կենտրոնում 10 մարդու սպանության ու հետընտրական գործընթացների հանգամանքները, թե՞ Մարտի 1-ի գործն այդպես էլ փակ մնաց։
«Իմ քայլի» պատգամավորի հարցին՝ հնարավոր է կառուցել նոր պղնձաձուլարան, վարչապետը հստակեցրեց՝ դրանում կարևոր է կոմունիկացիաների ապահովումը։ Երկաթուղու բացումն, ըստ կառավարության ղեկավարի, ուղիղ կապ ունի նոր գործարան կառուցելու հետ։ Այս շթղայում վարչապետը դիտարկում է նաև նոր ատոմակայան ունենալու հարցը։
Պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ հետաքրքրվեց՝ Հայաստանն ի՞նչ քայլեր է նախատեսում, որ օգտվի դեպի Թուրքիա թռիչքները սահմանափակելու Ռուսաստանի որոշումից։ Փոխվարչապետ Գրիգորյանն արձագանքեց՝ տուրիստական հոսքերի համար լավագույն խթանը կարող է լինել «Ճամփորդիր առանց քովիդ-19»-ի հավելվածի անժամկետ լինելը։ Ռուսաստանն այս պայմաններով Հայաստանի ու Բելառուսի հետ է գործակցում, Ռուսաստանից Հայաստան էլ ու հակառակը շաբաթական 5 կանոնավոր թռիչք է կատարվում։
Առողջապահության նախարարն էլ անդրադարձավ պատվաստումներին․ նշեց, որ ՌԴ-ից մեկ միլիոն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու պայմանավորվածություն կա և հնարավոր կլինի մինչև տարեվերջ պատվաստել բնաչության մոտ 20 տոկոսին։