2017-ին Ադրբեջանն ուներ Երկրի ուղեծրում երեք արբանյակ, որոնցից մեկը՝ հետախուզական, Ադրբեջանն արբանյակ էր գնում, իսկ Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր հունական կղզիներում, եվրոպաներում, այնտեղ, որտեղ հնարավոր էր՝ խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է արձանագրել՝ նրանք տանուլ են տվել պետության ինստիտուցիոնալ կայացման հարցում՝ պետությունը վերածելով մի մաֆիոզ կառույցի, որը քամում է Հայաստանի կենսական միջոցները: Ու այդ մաֆիոզ կառույցները մինչև օրս իրենց շոշափուկներն ունեն ամենուր՝ սկսած դատական համակարգից, վերջացրած, ցավոք սրտի, զինված ուժերում:
Պետք է արձանագրենք, որ մենք կռիվ ենք տվել ընդդեմ այդ 20-ամյա դավաճանության, 20-ամյա կապիտուլյացիայի, բայց նույնիսկ բուն կռվի և պատերազմի ժամանակ նրանք պաշտպանել են իրենց պարտությունը՝ մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով դավաճան, որ իրենց դավաճանությունը կոծկեն: Մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով՝ կապիտուլյանտ, որ իրենց կապիտուլյացիայից ուշադրությունը շեղեն:
Կապիտուլյանտը դո՛ւք եք, դավաճանը՝ առավել ևս: Ասում եմ 20 տարի Հայաստանը թալանած, իշխած էլիտային, իսկ մենք ամեն օր երբեմն կենաց-մահու կռիվ ենք տվել ձեր կապիտուլյացիայի և դավաճանության դեմ: Ուզում եմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ շարունակելու ենք մեր անմնացորդ ու նվիրական պայքարը հանուն ազատ, հզոր ու երջանիկ Հայաստանի»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: