ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը սովորականից ուշ սկսվեց ու ավելի քան չորս ժամ տևեց։ Խորհրդի հիմնադիր և լիազոր մարմնի անդամներից 15-ն ավելի վաղ վարչապետին դիմում էին գրել՝ իրենց լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին։ Այդուհանդերձ, ներկա 17 անդամներով քվորում աահովվեց, օրակարգը հաստատվեց, նիստն էլ կայացավ։ Բայց մինչև օրակարգային հարցերը, մտահոգող խնդիրների մասին.
Կառլեն Խաչատրյան, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ - Համալսարանում կառավարման լրջագույն խնդիրներ կան, ու իշխանության ներկայացուցիչների պահվածքն ակնհայտորեն ցույց է տալիս, որ փորձ է արվում տապալել հոգաբարձուների խորհրդի աշխատանքը:
Իսկ խորհրդի նիստերը կտապալվեն, եթե ներկա կազմից մեկը որոշի չներկայանալ: ԵՊՀ-ն ոչ ռեկտոր, ոչ էլ հոգաբարձուների խորհրդի նախագահ ունի: Խորհրդի անդամներն առաջարկում են ԵՊՀ ռեկտորի հաշվետվությունից զատ՝ օրակարգում քննարկել նաև տևական ժամանակ առկախ մնացած հարցերը:
«Մայր բուհում ճգնաժամ է». տեսակետ հայտնեցին հոգաբարձուների խորհրդի անդամներ Նարինե Խաչատրյանն ու Կառլեն Խաչատրյանը, առաջարկեցին օր առաջ հնարավոր բոլոր միջոցներով հաղթահարել այս իրավիճակը։ Գեղամ Գևորգյանը, որն ավելի քան երկու տարի է համալսարանը ղեկավարում է պաշտոնակատարի կարգավիճակով, այդ տեսակետը չի ընդունում.
Գեղամ Գևորգյան, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար - Ես վստահ եմ, որ ուսանողության ճնշող մեծամասնությունը ոչ միայն չի զգում, թե ինչ է կատարվում, այլ նաև իրենց հետաքրքիր էլ չէ: Կա ճգնաժամ հոգաբարձուների խորհրդում, բայց ոչ ամբողջ համալսարանում:
Կրթական գերատեսչությունից էլ մեկնաբանում են՝ անառողջ և անվստահության մթնոլորտն է պատճառը, որ իրենք խորհրդի կազմը վաղաժամ լքելու դիմումներ են գրել: Ասում են՝ չունեն վստահություն խորհրդում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։ Օրինակ բերում՝ հոգաբարձուների խորհրդի իրենց մասնակցությամբ վերջին նիստում արված քննարկումներն ու որոշումները ԵՊՀ կայքում խեղաթյուրված են ներկայացվել.
Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Այն օղակներում, որտեղ թույլ է տրվում խորհրդի որոշումը չհարգել և ներկայացնել մեկ այլ փաստաթուղթ, որպես խորհրդի որոշում։ Հենց սա է խոսում անտարբերության և խորհրդի ու բուհական կառույցների հանդեպ վստահության ձևավորման նկատմամբ անտարբերության մասին:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարն էլ պնդում է՝ հրաժարականի դիմում ներկայացրած 15 անդամներից և ոչ մեկն իր հեռացման հիմնավորման մեջ չի նշել, որ խորհուրդը լքելու պատճառն արձանագրության սխալ ձևակերպումներն են. եթե նման խնդիր կար, պետք է ավելի վաղ բարձրաձայնեին:
Միքայել Մալխասյան, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար - Տրամաբանական է, որ այդ հարցը պետք է լիներ հաջորդ նիստին և քննարկվեր: Այո, դրա համար պետք է խորհրդի անդամները գային այդ նիստին, հարցն առաջարկեին, քվեարկեին, օրակարգը հաստատվեր, ընտրեին:
Այդուհանդերձ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում իրենց լիազորությունները վաղաժամ դադարեցրած անդամները նշում են, որ մինչև խորհրդի կազմը վերջնական չլինի, մյուս հարցերին չեն կարող անդրադառնալ:
Արթուր Մարտիրոսյան, ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Կարծում եմ, որ նման անառողջ մթնոլորտում արդյունավետ չենք կարող այս հարցերը լուծել․ գնալ հստակ իրավական ընթացակարգով, այն է՝ ընտրել խորհրդի նախագահ և հետո անդրադառնալ ռեկտորի ընտրության և բոլոր մյուս կարևորագույն հարցերին:
Մինչ նախարարությունում որոշում էին՝ ով է ճիշտ, ով սխալ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում հարցը հասել էր հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը, բայց դահլիճում արդեն մնացել էին անդամներից 16-ը: Անահիտ Չուբարյանը լքել էր դահլիճը: Քվորում չկար, նիստն էլ որոշեցին 24 ժամով հետաձգել: