«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ չի մասնակցի միջազգային համաժողովների, քանի դեռ օտարերկրյա ռազմական անձնակազմը ամբողջովին դուրս չի բերվել Աֆղանստանից:
Երեքշաբթի հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է Աֆղանստանից ամերիկացի զինվորականների դուրսբերումն ավարտել մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ը: ԱՄՆ նախորդ վարչակազմը նախատեսում էր դա անել մինչև 2021 թվականի մայիսի 1-ը:
Ըստ Times-ի՝ Մեծ Բրիտանիան նույնպես պատրաստվում է իր զորքերը գրեթե ամբողջությամբ դուրս բերել Աֆղանստանից: Ժամկետների մասին առայժմ տեղեկություն չկա:
Ներկայումս Աֆղանստանում 750 բրիտանացի կա: Ամենայն հավանականությամբ, Միացյալ Թագավորության հրամանատարությունն Աֆղանստանի կառավարությանը կհանձնի այդ երկրում գործող ակադեմիայի հսկողությունը, որտեղ բրիտանացի զինվորականները պատրաստում էին աֆղան զինվորներին: