Թուրքերը մեր թշնամինե՞րն են, թե՞ ոչ՝ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Դա քննարկման առարկա էլ չէ, որ, այո՛, թուրքերը, այո՛, ադրբեջանցիները մեր թշնամիներն են: Իրանք էլ մեզ են համարում թշնամի: Հարցը ուրիշ տեղ է՝ լավ, էս թշնամության հետ ի՞նչ ենք անելու: Ես մարզերում ասում եմ՝ ինչքան մենք ենք համարում թշնամի, էդքան մեզ են համարում թշնամի, ինչքան իրանք ավելի շատ են մեզ համարում թշնամի, էդքան ավելի շատ ենք մենք համարում թշնամի: Հարցն էն է, թե մենք ի՛նչ պետք է անենք այս իրավիճակում: Մենք ինչքա՞ն ենք էսկալացնելու այդ թշնամությունը, մենք ի՞նչ գործելակերպ ենք որդեգրելու:
Հիմա էս կոնտեքստում եկեք պատասխանենք հարցին, թե սա ի՞նչ է նշանակում: Իրանք և մենք խնդիր ենք դնում, որ իրանք մե՞զ ոչնչացնեն, մենք՝ իրա՞նց: Սա՞ է խնդիրը: Կարծում եմ՝ ո՛չ, չպետք է նման խնդիր ձևակերպենք: Բայց իրենք էլ չպետք է նման խնդիր ձևակերպեն: Մենք չենք կարող միակողմանի որոշել, որ իրենք թշնամի չեն, կամ իրենք էլ չեն կարող միակողմանի որոշել, որ մենք թշնամի չենք:
Հարցն էն է, թե մենք ինչ ենք անում հետո, ինչպես ենք կառավարում այդ թշնամությունը, կառավարում ենք, որոշակի շրջանակի մե՞ջ ենք դնում թշնամությունը, թե՞ թողնում ենք այն դառնա անկառավարելի: Սրանից շատ կոնկրետ հարցեր են բխում, այսինքն՝ մեր տարածաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջա՞ն է: Էս հարցին մե՛նք պետք է պատասխանենք: Էսօր պետություններ կան, որ թշնամի են, իրար նկատմամբ տարածքային պահանջներ ունեն, բայց իրար հետ տասնյակ միլիարդների առևտրաշրջանառություն ունեն, զբոսաշրջիկներ են գնում-գալիս, պաշտոնական մակարդակով այցեր են լինում, դիվանագիտական հարաբերություններ ունեն»,- նշեց Փաշինյանը: