ԱՄՆ 27 դեմոկրատ սենատորներ հայտարարել են, որ սատարում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ջանքերին՝ վերադառնալու Իրանի միջուկային գործարքին, գրում է Interfax-ը:
«Մենք վճռականորեն աջակցում ենք ԱՄՆ-ի վերադարձին, և եթե Իրանն էլ է պատրաստ վերադառնալու պայմանագրի սահմանած սահմանափակումներին, ԱՄՆ-ը պետք է միանա գործարքին և ապահովի նախատեսված պատժամիջոցների մեղմացումը»,- գրել են դեմոկրատները:
2018-ի մայիսին Միացյալ Նահանգները դուրս եկավ Իրանի միջուկային պայմանագրից և վերսկսեց հակաիրանական պատժամիջոցները: Մեկ տարի անց Իրանը հայտարարեց JCPOA-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների փուլային կրճատման մասին:
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալու գործարքին, եթե Թեհրանը լիովին հետևի դրա պայմաններին: Իրանը պատասխանել է, որ առաջին քայլը Միացյալ Նահանգներինն է: