Ապրիլի 13-ին, ժամը 22։13-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի-Աղավնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան գլորվել է ձորը և բռնկվել, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-2106» (վարորդ՝ Օ․ Ե․, ծնված 1996 թ.) մակնիշի ավտոմեքենան «Աղավնաձորի ձոր» կոչվող տարածքում մոտ 150 մ գլորվել է ձորը և բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:40-ին, մարվել՝ 23:08-ին։ Ավտոմեքենան այրվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով վարորդին և ուղևոր Ա․ Հ․-ին (ծնված 1996 թ.) մոտեցրել են շտապօգնության աշխատակիցներին․ վերջիններս հոսպիտալացվել են «Եղեգնաձոր» ԲԿ: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: