Օրինակ՝ Շուշիի անկման մասով ես էլ կոնկրետ հարցեր ունեմ ու շատ կոնկրետ անձանց՝ խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի՝ պատերազմի արդյունքներն ու պատճառները քննելու մասին հարցին ի պատասխան նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ հարցերն այնպես չի, որ չեմ տվել նախկինում: Որովհետև ես բախվում եմ մի իրողության հետ, որ մենք պետք է գնահատենք, թե զեկույցներն ինչքանո՞վ են եղել ճշմարտացի, եղե՞լ են այդ զեկույցներում իրականությունը խեղաթյուրող տվյալներ, եթե եղել են այդպիսի տվյալներ, դրանք դիտավորյա՞լ են եղել, թե՞ պատահաբար են խեղաթյուրվել: Իհարկե, պետք է ճշմարտության հանձնաժողովը լինի, և մենք բոլոր հարցերի պատասխանները ստանանք»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը կա, բայց մինչև հիմա չի հրապարակվել, որովհետև այնտեղ պետական գաղտնիք պարունակող հսկայածավալ նյութ կա, այդ զեկույցը պետք է լինի ի գիտություն՝ դրված պետական կառավարման մարմիններին՝ Ազգային ժողովին, պաշտպանության նախարարությանը, Կառավարությանը:
«Այնտեղ կան հարցերի կոնկրետ պատասխաններ, բայց դրանք չի կարելի հրապարակայնացնել, քանի որ դրանք վերաբերում են հույժ գաղտնի տեղեկատվության: Փորձաքննություն ենք արել, թե այդ զեկույցից ինչն է, որ հույժ գաղտնի տեղեկատվություն է պարունակում, պարզվել է, որ զեկույցի շուրջ 90 տոկոսը պետական գաղտնիք է, հրապարակման ենթակա տվյալ չէ: Հարց՝ բա ինչի՞ համար է այդ աշխատանքն արվել. արվել է հետագա բարեփոխումների ժամանակ այդ ինֆորմացիան հաշվի առնելու համար»,- նշեց վարչապետը: