Շատ կարևոր է մի սկզբունքային, կարևոր նրբություն, որ երկար ժամանակ և հետևողականորեն թաքցվել է հայ հանրությունից: Երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից, պետք է հասկանալ, թե սա ինչ է նշանակում: Այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ մադրիդյան տարբերակում կա հասկացություն՝ միջանկյալ կարգավիճակ:
«Ադրբեջանը 2011 թվականից սկսած հրաժարվում է միջանկյալ կարգավիճակի քննարկումից: Թվում է, թե այս պայմաններում բանակցային հմտությունների արդյունքում հայկական կողմը կարողանար հասնել նրան ճիշտ քաղաքականության, արտաքին քաղաքականության արդյունքում, հայ-ամերիկյան, հայ- ֆրանսիական, հայ-ռուսական ճիշտ հարաբերությունների կառուցման արդյունքում հասներ նրան, որ միջնորդները Ադրբեջանին համոզեին, որ այս միջանկյալ կարգավիճակը ընդունի, բայց փաստն այն է, որ Ադրբեջանի այս դիրքորոշումը 2014-2015 թվականներից սկսած արժանացել է միջնորդների աջակցությանը: 2016 թվականի Ապրիլյան պատերազմը սկսել է այն բանից հետո, երբ միջնորդների կողմից հայկական կողմին առաջարկվել է հրաժարվել միջանկյալ կարգավիճակի արձանագրման պահանջից»,- ասաց վարչապետը:
Փաշինյանն արձանագրեց՝ 2016 թվականի ապրիլից երկու ամիս առաջ միջնորդների կողմից եղել է հստակ առաջարկ, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձանագրման ձգտումներից, իսկ հայկական կողմը հրաժարվել է:
«Դրանից երկու ամիս անց սկսվել է Ապրիլյան պատերազմը, որը տարածքային կորուստներից հետո կանգնեցնելու հանգամանքով պետք է դառնար, դառնում է, իմ նշած, օրակարգի, այսինքն՝ միջանկյալ կարգավիճակից հրաժարման պարտադրում»,- ասաց վարչապետը: