Պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է, որն ամրապնդված է մի քանի տասնյակ ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադարձ դաշնակցային պարտավորություններով. հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
«Հայաստանի Հանրապետության անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը, հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ- ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը: Այս երկու համակարգերը ձևավորած պայմանագրերի տրամաբանությամբ՝ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա, և երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերներին: Այս համատեքստում մեկնարկել է նաև Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթացը, որը նախ՝ կներառի կառուցվածքային, ապա՝ բովանդակային բարեփոխումներ: Ռազմավարական հեռանկարում մենք լրջորեն պատկերացնում ենք, որ պետք է քննարկենք ՀՀ-ի անցումը պրոֆեսիոնալ բանակի, և ժամկետային կամ զորահավաքային կառուցվածքը էականորեն պետք է կարողանանք փոփոխել: Մենք քննարկում են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը, ինչպես նաև կան քննարկումներ, պաշտպանության նախարարն այդ մասին հայտարարել է, որ Սյունիքի մարզում մենք նաև 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ բավականին արդյունավետ քննարկումներ ենք ունենում Ռուսաստանի մեր գործընկերների հետ»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ ռազմավարական հեռանկարում պատկերացնում են, որ ՀՀ-ի պետական սահմանների այն հատվածները, որն իրականացնում են Հայաստանի զինված ուժերը, կդրվեն սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստակամության, մարտունակության բարձրացման հարցերով:
«Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել պաշտպանության բանակը՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ, և այս առումով որևէ բան, մեծ փոփոխություն մենք չենք ունենա»,- ասաց վարչապետ Փաշինյանը: