Ֆրանկոն այսպիսի արտահայտություն ունի՝ ընկերներին ամեն ինչ, թշնամիներին՝ օրենք: Եթե մենք ուզենայինք դատաստան, մենք կանեինք դատաստան, բայց մենք երբեք չենք ուզել, չենք ուզում և չենք ուզելու դատաստան: Մենք ուզելու ենք արդարություն և արդարադատություն: Այս մասին ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հավատում են անկախ դատական համակարգին, բայց, որքան հասկանում է, Հայաստանում կան դատավորներ, որոնք չեն հավատում անկախ դատական համակարգին, բայց սա իրենց չի հուսահատեցնելու՝ գնալու են առաջ:
««Մարտի 1»-ի գործը, իմ կարծիքով, բացահայտված է: Ես չգիտեմ՝ այդ քրեական գործի հատորներն ինչ կարգավիճակ ունեն հիմա, դա իրավաբանները պետք է մեկնաբանեն: Բացահայտում ասելով՝ մենք նկատի ունենք ճշմարտության բացահայտումը: Ի վերջո, այդ նյութերը կան, նյութերը չեն այրվելու: Ես ենթադրում եմ, որ դրանք մի իքս պահի ունենալու են մի այնպիսի կարգավիճակ, որ կարող են ուղղակի հրապարակվել, և դուք կտեսնեք, որ «Մարտի 1»-ի գործն ամենայն մանրամասնությամբ բացահայտված է: Հիմա այդ բացահայտումը Քրեական օրենսգրքի ո՛ր հոդվածին է համապատասխանում, ո՛ր հոդվածին չի համապատասխանում, ո՛ր հոդվածն է սահմանադրական, ո՛ր հոդվածն է հակասահմանադրական՝ դա ուրիշ թեմա է, իրավաբանական բանավեճ է: Ես դրա մեջ չեմ ուզում մտնել, չեմ էլ կարող մտնել, որովհետև իրավական գնահատական տալը իմ գործառույթի մեջ չի մտնում»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ մինչև վերջ գնալու են՝ իրենց իդեալներին հավատալով, որը անկախ դատական համակարգն է:
Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ում այսօր պատմական մինիմում կա դատապարտված և կալանավորված անձանց:
«Այսօր Հայաստանի բանտերում անարդար գտնվող մարդ չկա, դա մեր իշխանության, մեր հեղափոխության, մեր իդեալիզմի, մեր սկզբունքայնության արդյունքն է: Ես չեմ ասի, որ այսօր ՀՀ-ում բոլոր մեղավորները գտնվում են բանտում: Ես կարող եմ ասել, որ այսօր Հայաստանի բանտերում անմեղ մարդ չկա. սա մեծագույն հաղթանակ է»,- ասաց Փաշինյանը: