ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ 2020 թ. իրականացվել է ճգնաժամային կառավարում:
Մինչ այդ նա մանրամասնեց, որ 2019 թվականը Հայաստանի համար աննախադեպ հաջող տարի էր, և ունեցել են վերջին 10 տարվա համար աննախադեպ բարձր տնտեսական արդյունքներ՝ 7.6 տոկոս տնտեսական աճ, շուրջ 63 մլրդ դրամով գերակատարվել է բյուջեի եկամտային մասի նախապես ծրագրված պլանը:
«2020 թվականի հունվար-փետրվարին տնտեսական աճի այս դինամիկան շարունակվեց և ՀՀ-ում արձանագրվեց ավելի քան 9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց մարտից արդեն Հայաստան մուտք գործեց կորոնավիրուսը, և մեր մոտ սկսեց ճգնաժամային մի ժամանակաշրջան, և թվում էր, թե կորոնավիրուսը մեզ համար լինելու է 2020 թվականի վատագույն հիշողությունը: Բայց սեպտեմբերին մենք ունեցանք 44-օրյա պատերազմը՝ մեզ համար ծանր հետևանքներով: Վերը նշված հանգամանքների բերումով ՀՀ Կառավարությունը 2020 թվականին իրականացրել է ճգնաժամային կառավարում: Առաջին փուլում այդ ճգնաժամային կառավարումը կապված էր կորոնավիրուսի հետ, որի արդյունքում այսօրվա դրությամբ ՀՀ ավելի քան 200 հազար քաղաքացիներ վարակվել են կորոնավիրուսով»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ ունեցել ենք կորոնավիրուսի շուրջ 3770-ից ավելի մահեր, միաժամանակ իրականացրել են հակաճգնաժամային 25 միջոցառում, որի շրջանակներում աջակցություն է ստացել շուրջ 1,1 մլն ֆիզիկական անձ, 83 հազար իրավաբանական անձ:
Վարչապետը հայտնեց, որ շահառուներին հասանելի է եղել 239 մլրդ դրամ՝ կորոնավիրուսի հակաճգնաժամային փաթեթի շրջանակներում, որից պետբյուջեից ծախսը՝ 55 մլրդ դրամ, փոխառու միջոցները պետբյուջեից՝ 20 մլրդ դրամ, մնացածը Կառավարության խթանող քաղաքականության արդյունքում իրականացվել է բանկային համակարգի միջոցով: