Շրջակա միջավայրի նախարարությունը մեծ թափով շարունակում է «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկած ծառատունկը, Ֆեյսբուքի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Ինչպես արդեն հայտարարել էի, ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզում՝ «Սևան» ազգային պարկի տարածքում, «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում կտնկվի ևս 10.000 ծառ։
Նախքան ծառատունկը «Սևան» ազգային պարկը նախաձեռնել է հանրային №1 լողափում (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 1.39 հա) իրականացնել մաքրման աշխատանքներ։
Մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով՝ «Սևան» ազգային պարկի կողմից մասնակիցներին կտրամադրվեն աղբահավաք պարկեր և ձեռնոցներ։
Աշխատանքները կմեկնարկեն 09։00-ին։ Համայնքի բոլոր բնակիչներին, կրթական հաստատություններին, հասարակական կազմակերպությունների և բնապահպանական նախաձեռնությունների ներկայացուցիչներին կոչ եմ անում ակտիվ մասնակցություն ունենալ Սևանա լճի առափնյա հատվածի մաքրման աշխատանքներին։
Ժամը 13։00-ին «Սևան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի Մարտունու տեղամասում կիրականացվի ծառատունկ՝ մասնաճյուղի տնկարանում աճեցված բարդի տեսակի տնկիներով: 5000 տնկին կտնկվի Մարտունու տեղամասում, մյուս 5000-ը՝ մարզի այլ համայնքներում։
Այս պահին ընթանում են ծառերի տնկման համար նախապատրաստական աշխատանքներ։
Հանրային №1 լողափի մաքրման և ծառատունկի աշխատանքներին ինձ հետ միասին կմասնակցեն նաև նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը»,- տեղեկացրել է նախարարը: