Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ կհանդիպի Ռեյկյավիկում: Այս մասին հայտնել է РИА Новости-ն:
Ապրիլի 13-ին Բայդենը զանգահարել է Պուտինին և առաջարկել է առաջիկա ամիսներին հանդիպել երրորդ երկրի տարածքում: Ամերիկացի առաջնորդը նշել է, որ դեռ հույս ունի Ռուսաստանի հետ կառուցել «կայուն ու կանխատեսելի» հարաբերություններ:
ՌԴ Գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Սերգեյ Ռոգովը РИА Новости-ի հետ հարցազրույցի ժամանակ պատահական չի համարել Ռեյկյավիկի ընտրությունը: Նա հիշեցրել է, որ 1986 թ. Իսլանդիայի մայրաքաղաքում հանդիպեցին ԽՍՀՄ և Միացյալ Նահանգների նախագահներ Միխայիլ Գորբաչովն ու Ռոնալդ Ռեյգանը, որը «շրջադարձային դարձավ առաջին սառը պատերազմի լարվածությունը թուլացնելու հարցում»: «Դա թույլ կտա Պուտինին և Բայդենին հաստատել Գորբաչովի և Ռեյգանի կողմից ամրագրված բանաձևը, ըստ որի, միջուկային պատերազմ չպետք է լինի, միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինում», - բացատրել է Ռոգովը:
Վերջին շրջանում լարվածությունը Դոնբասում զգալիորեն աճել է: Այս ֆոնին Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է «ագրեսիվ գործողությունները» սաստկացնելու համար և պահանջում է բացատրել ռուսական զորքի կուտակումները Ղրիմում և Ռոստովի մարզում՝ Ուկրաինայի սահմանի մոտ: Կրեմլը պատասխանել է, որ զորքերը տեղաշարժվում են Ռուսաստանի տարածքով, և դա ոչ ոքի չի սպառնում:
Մոսկվան բազմիցս շեշտել է, որ Ուկրաինայի ներքին հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական ու տնտեսական ճգնաժամից: