Ադրբեջանում «Թարթառի գործի» շրջանակներում մոտ 78 քաղաքացի է ձերբակալվել և պետության դավաճանության մեղադրանքով 12-20 տարով ազատազրկման դատապարտվել։ Այս մասին ասվում է The World Organisation Against Torture (OMCT) կազմակերպության զեկույցում։
Զեկույցում նշվել է, որ 2017 թ. մայիսին Թարթառում «Հայաստանի օգտին լրտեսության» մեղադրանքով մի խումբ զինծառայողներ և քաղաքացիական անձինք են ձերբակալվել։ Մայիսի 7-8-ին ԶԼՄ-ները հայտնել են 47 անձանց ձերբակալման մասին, սակայն մեկ օր անց մամուլը դադարել է տեղեկություններ հաղորդել, ինչից հետո սկսել են մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին ոչ պաշտոնական տեղեկություններ տարածվել։
«Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ» ՀԿ-ի տվյալներով՝ ձերբակալվածները փաստաբանների հետ հանդիպման իրավունք չեն ունեցել և ազատազրկվել են առանց դատարանի որոշման: Եղել են նաև դեպքեր, երբ ԶԼՄ-ների խմբագիրները կանչվել են Գլխավոր դատախազություն, և նրանց զգուշացվել է չհրապարակել «պետական գաղտնիք» պարունակող նյութեր։
Զեկույցի համաձայն՝ այսօր հայտնի է 78 մարդ, որոնք կալանավորված են և դատապարտված 12-20 տարվա ազատազրկման: Ձերբակալվածները մեղքը խոստովանելու համար խոշտանգումների են ենթարկվել, ինչի հետևանքով 11 մարդ մահացել է: Մահացածների ընտանիքների պնդմամբ՝ նրանց մարմինները միշտ չէ, որ հանձնվել են իրենց։
Կազմակերպությունն անդրադարձել է նաև 2019 թ. Բաքվի կենտրոնում վրաերթի ենթարկված իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևին, որը հետաքննում էր «Թարթառի գործով» խախտումները: Նշվել է, որ Գյուլալիևին հիվանդանոցում 17 ժամ շարունակ որևէ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, և արդյունքում, նա դեռևս կոմայի մեջ է:
Կազմակերպությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ղեկավարության և իրավապահ մարմինների գործողությունները, որոնք ուղեկցվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներով՝ պահանջելով անմիջապես հետաքննել խոշտանգումների դեպքերն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին, հայտնել ձերբակալվածների թիվն ու վերջ տալ խոշտանգումների պրակտիկային։