Շատ ծանր է զոհերի թվաբանություն անել, որովհետև ամեն զոհի առկայությունը ծանր է, և այստեղ որևէ թվաբանական վարժությունը տեղին չէ, բայց այսօրվա դրությամբ մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված մենք ունենք 3621 զոհ և անհետ կորածների ցուցակում 321 մարդ: Այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետը՝ պատասխանելով պատգամավոր Կարապետ Մխչյանի հարցին, թե զոհերի ինչ տվյալներ ունենք:
Վարչապետը նաև հայտնեց, որ ունեն ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք, ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատները, տարբեր պատճառներով, առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է:
«Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են, կան ընտանիքներ, որ չեն վստահում ԴՆԹ հետազոտության արդյունքներին, և իրենք իրենց նախաձեռնությամբ արտերկրում նախաձեռնում են ԴՆԹ հետազոտություն, չնայած մենք պատրաստակամություն ենք հայտնում նման դեպքերում պետական միջոցներով իրականացնել, բայց կան դեպքեր, երբ ասում են՝ թողեք, որ մեզ համար պրոցեսը լինի հսկողության տակ»,- ասաց վարչապետը:
Հարցին պատասխանելուց հետո Փաշինյանի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: