Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ երեկվանից Հայաստանում մեկնարկել է պատվաստման լայնամասշտաբ գործընթաց:
«Պատվաստումները պիտի տան հնարավորություն կանխելու հիվանդացությունը, կանխելու հիվանդացության ծանր ընթացքները և զերծ պահելու մահերից»,- նշեց նախարարը:
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ արդեն իսկ բարձր մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ-ից մեկ միլիոն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու ուղղությամբ:
«Բացի դրանից, այլ պայմանավորվածությունները ևս հաշվի առնելով՝ մենք համարում ենք հնարավոր, որ մինչև տարվա վերջ կկարողանանք իմ կողմից մատնանշած նշաձողն ապահովելու (խմբ՝ շուրջ 700 հազար մարդու պատվաստում), և բնակչության մինչև 20 տոկոսի պատվաստման գործընթացն ապահովելու: Վիճակագրությունը վկայակոչելիս պետք է նշել հիվանդացության թվերը, եթե մենք դիտարկում ենք հիվանդացածների մեջ մահվան համամասնությունը, ապա Հայաստանը գրանցել է 1.7 տոկոս մահացության ցուցանիշ, ինչը միջին համաշխարհային մակարդակից բավականին ցածր է, միջինը 2 տոկոսն է»,- նշեց Ավանեսյանը: