Արթուր Սուքիասյան (Խորոնք համայնքի բնակիչ) - Սառնարանի մեջ հոսանք չի մտնում, հետո իմացանք, որ գյուղի մի մասը տուժել է...
Խորոնքի բնակիչները լուսադեմին արթնացել են այրվող լարերի հոտից: Էլեկտրաէներգիայի տատանումների հետևանքով շարքից դուրս են եկել սառնարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ, այլ սարքավորումներ:
Գարեգին Խաչատրյան (Խորոնք համայնքի բնակիչ) - Քնած ենք եղել, զարյադչնիկի գմփոցը լսեցի, լույսը վառեցի՝ տրաքեց, եկա, տեսա` լվացքի մեքենայից ծուխ է դուրս գալիս:
Անորակ հոսանքամատակարարումից տուժել է մոտ 100 ընտանիք: Ի նշան ցանցի վատ աշխատանքի՝ բնակիչները փորձել են նույնիսկ ճանապարհ փակել, բայց գործը դրան չի հասել: Էլցանցի Էջմիածնի ղեկավար կազմն արագ արձագանքել է կատարվածին ու եկել գյուղ:
Ռոբերտ Նազարյան (ՀԷՑ «Էջմիածին» տեղամասի պետ) - Քամիների ժամանակ զրո լարի կտրում է եղել, և միանգամից 2 ֆազ է մտել բնակարաններ, սարքերը փչացել են:
«Լույսի մարդիկ» տուժած բնակիչների դիմումների հետքերով այցելում են բնակարաններ, հաշվառում շարքից դուրս եկած տեխնիկան: Էլցանցի ղեկավար կազմը նաև մասնագետներ է հրավիրել, որպեսզի վերանորոգեն այրված տեխնիկան:
Սերյոժա Մարգարյան (վերանորոգող ընկերության աշխատակից) - Ես երեք հասցե ունեմ: Կմտնեմ, կստուգեմ, ինչ որ հնարավոր է՝ կվերանորոգեմ:
Ջրի պոմպն է, շատերի տներում այն արդեն չի աշխատում: Բայց դրա վերանորոգումը կամ ծախսի փոխհատուցումը էլցանցի պատասխանատուների պնդմամբ, իրենց պարտականությունը չէ:
Գասպար Բաղդասարյան (Խորոնք համայնքի բնակիչ) - Իրենց մեղքով է եղել, եթե իմ մեղքով լիներ՝ նորը կառնեի:
Էլեկտրիկներն ու վերանորոգող վարպետները Խորոնքում կմնան մինչև այրված վերջին տեխնիկան նորոգելը: