Այսօր մեր քաղաքական դաշտում կան մի շարք ներկայացուցիչներ, որոնց նպատակը մեր ժողովրդին վհատեցնելը, թևաթափ անելն ու հուսալքելն է, որ այդ մարդիկ արտագաղթեն, չանեն ներդրումներ: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ այդ մարդիկ գործում են ընդդեմ պետության և ժողովրդի:
«Օրեր առաջ, երբ օբյեկտիվ պատճառներով արժեզրկվեց դրամը, այս մարդկանց մի շրջանակ արհեստականորեն տարածեց աղմուկ: Հիմնականում դրանք նախկին պաշտոնյաներ են, որոնք զրկվել են իրենց պաշտոններից մեր իշխանության գալուց հետո, արհեստականորեն տարածում էին աղմուկ, թե իբր դոլարի կուրսը շուտով լինելու է 550-600 դրամի սահմանում:
Ինքս և մի շարք մասնագետներ նշում էին, որ դոլարի փոխարժեքի բարձրացման օբյեկտիվ պատճառներ չկան. այն ունի վարքագծային պատճառ և պետք չէ գնալ և գնել դոլար, որը ձեզ անհրաժեշտ չէ, դրա արդյուքնում տուժելու եք, քանի որ այս բարձրացված աղմուկի պատճառն էլ հենց դա է՝ ամեն ինչ անել, որ դուք տուժեք, որ դրա հետևանքով գեներացվի ձեր դժգոհությունը:
Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր 519 է սահմանվել, իսկ բանկերն այն գնում են 513, 514 դրամով, ոչ թե ինչպես նշում էին՝ 550 կամ 560 դրամով»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ քաղաքացիները ֆինանսական որոշումներ կայացնելիս պետք է հետևեն պաշտոնական տեղեկատվությանը և չտրվեն սադրանքների, որոնք հատուկ նպատակով շատ հաճախ ոմանք կոնկրետ կենտրոններից իրականացնում են: