Ապրիլի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դեսպանատանն ընդունել է Վրաստանի մանկավարժ-խորեոգրաֆների ասոցիացիայի նախագահ Նատալիա Դիղմելաշվիլիին և «Ջեյրան» ու «Մուշ» պարային համույթների գեղարվեստական ղեկավար, պարուսույց Սվետլանա Երիցյանին։
Դեսպան Սադոյանը պարարվեստի ոլորտում ունեցած ներդրման համար Նատալիա Դիղմելաշվիլիին և Սվետլանա Երիցյանին է հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալները։
Մեդալների հանձնման արարողությանը հաջորդած զրույցում դեսպանը շնորհավորել է հյուրերին՝ ստացած կարևորագույն պարգևի համար։
Նատալիա Դիղմելաշվիլին և Սվետլանա Երիցյանն իրենց խորին երախտագիտությունն են հայտնել Հայաստանի պատկան մարմիններին՝ իրենց աշխատանքը նման բարձր պատվի արժանացնելու համար։