44-օրյա ռազմական ագրեսիային մասնակցած սիրիացի վարձկանների գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել, ուղարկվել է դատարան:
Գուրգեն Հակոբյան (ՀՀ զինդատախազության զինծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ) - Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատվել է երկու վարձկանների մասը և ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:
Հայաստանում կալանավորված՝ ազգությամբ արաբ, սիրիացի Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են մի քանի հոդվածով՝ ծանր հանցանքի համար՝ միջազգային ահաբեկչություն, զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ՝ սպանության փորձ, քաղաքացիական անձանց, բնակչության վրա հարձակման փորձ:
Գուրգեն Հակոբյան - Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ձևավորված դատախազական խումբը ակտիվորեն մասնակցելու է մեղադրանքի պաշտպանությանը, որի նպատակը կլինի մեղադրանքի պաշտպանումը և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելը:
Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի մասնակից երկու վարձկանի գործի դատաքննությունը նախատեսված է սկսել առաջիկա երկու շաբաթում: Հետախուզման մեջ է ինքնությունը պարզված ևս 30 վարձկան:
Արշակ Մարտիրոսյան (ՀՀ զինդատախազության ՀԿԳ ավագ դատախազ) - Հիմնավորվել է միջազգային մի շարք, մասնավորապես, «Սուլթան Սուլեյման Շահ», «Սուկուր», «Համզաթ» և այլ նման խմբավորումների անդամ հանդիսացող շուրջ 3 տասնյակից ավելի վարձկանների կողմից պատերազմին ներգրավվելու, պատերազմական հանցագործություններ կատարելու հանգամանքը:
Իրավապահները պարզել են նաև միջազգային ահաբեկչական այդ խմբավորումներից մեկի ղեկավարի ինքնությունը, հիմնավորվել է նրա կողմից խաղաղության, մարդկության անվտանգության դեմ հանցագործությունների փաստը:
Արշակ Մարտիրոսյան - Պարզվել է Սուլթան սուլեյման Շահ միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ, ղեկավար Աբու Համշա մականվամբ Մուհամմադ ալ Ջասիմի ինքնությունը, ազգության արաբ, Սիրայի արաբական հանրապետության քաղաքացի:
Վարույթ իրականացնող մարմինը նրանց ներգրավել է որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել կալանավորում: Աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար: