Շիրակի մարզից գերեվարված քաղաքացիների հարազատներն այսօր դարձյալ բողոքի ակցիա են իրականացրել մարզպետարանի մոտ։
Այսօր առավոտյան Շիրակի մարզպետի և Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումից հետո նրանք որոշել են ժամանակավորապես փակել մարզպետարանի մուտքը՝ ի նշան բողոքի:
Հավաքվածները հայտարարել են՝ ակնկալում են հստակ պատասխան, թե երբ կվերադառնան ռազմագերիները։
Նրանց հարազատները դարձյալ ընդգծել են, որ բողոքի ակցիան ապաքաղաքական է և միակ պահանջն օր առաջ գերիների վերադարձն է:
Դարձյալ հանդիպում են ակնկալում վարչապետի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:
Մինչև այդ պահանջի կատարումը պարբերաբար իրականացնելու են բողոքի ակցիաներ: