Եվրոպական խորհրդարանում հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակմանը և վերադարձին նվիրված հատուկ քննարկումը կազմակերպել էր եվրապատգամավոր, ԵԽ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը՝ Հայ Դատի Եվրոպայի գրասենյանի հետ գործակցելով։
Լուկաս Ֆուրլաս, ԵԽ պատգամավոր, ԵԽ-Հայաստան բարեկամության խմբի նախագահ - Ցավոք, Ադրբեջանը հրաժարվում է տեղեկություն տրամադրել մարդասիրական այս կարևոր խնդրի վերաբերյալ, և մեր հիմնական նպատակն է նման քննարկումներով ևս մեկ անգամ հաստատել ու հիշեցնել, որ հարցը միջազգային միջամտության կարիք ունի։
ԵԽ Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը «Լուրերի» հետ զրուցում նշեց, որ իր համար շատ կարևոր էր այս ձևաչափով քննարկման մասնացկել, լսել, թե ինչ է ասում հայ հասարակությունը։ ԵԽ Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավարը հաստատում է՝ մշտապես կապի մեջ է թե՛ հայ և թե՛ ադրբեջանցի գործընկերների հետ։ Ադրբեջանական կողմի հետ զրույցների ժամանակ բարձրաձայնել է ամենանուրբ, ցավոտ և ոչ ցանկալի հարցերի մասին։
Մարինա Կալյուրանդ, ԵԽ պատգամավոր, ԵԽ Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար - Այո՛, գուցե Ադրբեջանը հաղաթանակ ունի այսօր, բայց այդ հաղթանակը երկարատև կտրվածքով լուծում չէ։ Ինչ-որ բան պետք է փոխվի։ Իմ պարտականությունն է միշտ մնալ հավասարակշռված և արձագանքել վստահելի աղբյուրների հավաստի տեղեկություններին։ Դրանց արդյունքում էր, որ ես անցյալ ամիս համատեղ հայտարարություն ստորագրեցի Հայաստանի և Ադրբեջանի հարցերով ԵԽ զեկուցողների հետ, որով մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձագել հայ ռազմագերիներին։ Կարմիր գծեր են հատվում արդեն և դա անընդունելի է։
Հատուկ քննարկման բանախոսներից Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրենի խոսքով, որքան մեծ է անջրպետը խոսքի և գործողությունների միջև, այնքան ավելի խնդրահարույց է դառնում Եվրամիության վստահելիությունը, ինչպես իր քաղաքացիների, այնպես էլ արտաքին դերակատարների տեսանկյունից:
Հեղինե Էվինյան, Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն - Թե՛ Ադրբեջանը, և թե՛ Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ են: Հետևաբար, Եվրոպան կարող է և պարտավոր է ավելին անել՝ նաև հանուն իր սեփական վստահելիության, ուժի և կենսունակության: Հուսով ենք, որ Եվրախորհրդարանը վերջապես կարտահայտի իր դիրքորոշումը հայ գերիների վերաբերյալ և կոչ կանի Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և ռազմագերիներին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս կարևորեց ինստիտուցիոնալ մակարդակով ԵՄ հայտարարությունները, որոնք, որպես միջազգային ճնշում, հնարավություն կտան խուսափել հետագա բռնություններից։
Արման Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան - Եվրախորհրդարանի՝ որպես կառույց կեցվածքը կօգնի կանխարգելել նմանօրինակ իրավիճակները։ Օրինակ, միջազգային պատվիրակությունների այցը Լեռնային Ղարաբաղ շատ կարևոր է, որն անուղղակիորեն ճնշում կլինի Ալիևի վրա, որի նպատակը միշտ նույնն է եղել՝ մեկուսացնել Լեռնային Ղարաբաղը։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, առանձին-առանձին բռնության դեպքեր չեն կամ սահմանափակումներ: Դրանք միջազգային չափանիշների կոպիտ խախտումներ են: Եվ միայն համակարգված մոտեցումը կարող է հետագայում կանխել բռնությունը:
Քննարկմանը հարց ու պատասխան բաժնում միացավ նաև ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Ուշադրություն հրավիրեց Բաքվի՝ այսպես կոչված «պուրակի» վրա, որտեղ Արցախյան պատերազմի ժամանակ հայերից խլված ռազմավարն է:
Արման Եղոյան, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Ես, իրականում, չեմ պատկերացնում, թե ինչպես այսպիսի վերաբերմունքի պարագայում մենք կարող ենք որևէ բանի մասին խոսել: Ես չեմ տեսնում, թե ինչպես կարելի է մտնել ցանկացած տիպի երկխոսության մեջ այս մակարդակի հայատյացության պարագայում, որը կատարվում է ամենաբարձր պետական մակարդակով, որը քաջալերվում է: Հաշվի առնելով Ադրբեջանի կառավարման համակարգը՝ երկրի ղեկավարի ցանկացած խոսք, ուղերձ ուղիղ տարածվում է հասարակության բոլոր շերտերում: Այս դեպքում իրավիճակն ավելի վտանգավոր է դառնում, քան դա կարող էր լինել, օրինակ, ժողովրդավարական հասարակություններում, որտեղ բազմակարծություն է։
Համաժողովի ընթացքում շեշտվեց, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների ձերբակալումը և վատ վերաբերմունքը ռազմական հանցագործություն է, քանի որ բոլոր հայ ռազմագերիներն իրավաբանորեն համարվում են «պատերազմի բանտարկյալներ»` համաձայն 1949 թ. Ժնևի կոնվենցիայի: Քննարկման մասնակիցները մոտ հարյուրն էին, ինչպես հայ ,այնպես էլ օտարազգի:
Հարցերի շրջանակը վերաբերում էր գերիների հստակ թվին, ԵՄ պաշտոնական պատվիրակությունների հնարավոր այցերին ու հայ ռազմագերիների տառապանքին օր առաջ վերջ դնելու իրատեսական լուծումներին։ Ֆուրլասն ու Կալյուրանդը խոստացան համավարակային սահմանափակումների մեղմացումից հետո մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար: