Ես հավատացած եմ, որ մեր պետությունը, մեր երեխաները և նրանց սերունդներն ավելի երկար ու երջանիկ են ապրելու այս տարածաշրջանում, քան Ալիևը և նրա ֆաշիստական մարդասպան համակարգը կգոյատևեն: Այդ մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով Բաքվում բացված «պուրակին»:
Նազարյանը նշեց, որ մարդասպանության վայրագություններն իր ժողովրդին ու ողջ աշխարհին ի ցույց դնելով՝ Ալիևը մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին, որտեղ ընդունված են պատերազմների և ցեղասպանությունների զոհերի հիշատակը վկայակոչող պուրակներ և թանգարաններ, այլ ոչ թե տեղի ունեցած բարբարոսությունները:
«Ես համաձայն եմ հնչած գնահատականներին, բայց չեմ ուզում, որ Ալիևի հետ մեկտեղ թիրախավորվի այս տարածաշրջանում խաղաղ ապրելու մեր ձգտումը: Եվ ուրեմն ինչ անել: Պետք է իրավական, քաղաքական, միջազգային գործիքներով ոչ միայն խայտառակ անել գարշելի երևույթը և նրա հեղինակին, այլև ի հեճուկս Ալիևի՝ շարունակել ներդնել մեր անկեղծ ջանքերը մեր տարածաշրջանն անվտանգ դարձնելու համար:
Մեր պետությունը ունակ է հաղթելու տարածաշրջանում ֆաշիզմը, այլատյացությունը և ավտորիտարիզմը: Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել՝ ինչպես է սպանել մարդկանց, մենք պետք է ցույց տանք, թե ինչպես կհաղթենք ֆաշիզմը այս տարածաշրջանում, որտեղ ապրել և ապրելու ենք: Ուրեմն խաղաղություն պետք է լինի բոլոր ժողովուրդներին այս տարածաշրջանում՝ ի հեճուկս Ալիևի կամ էլ ավելի լավ՝ առանց Ալիևի»,- ասաց Նազարյանը: