Սյուզաննա Մկրտչյան (գինի արտադրող ընկերության արտահանման մենեջեր) - Գինին պատրաստված է Արենի խաղողի սորտից և հնեցված արցախյան տակառներում, այստեղ ներկա են և՛ առաջնային, և՛ երկրորդային բույրերը, այսինքն՝ զգացվում է և՛ խաղողի, և՛ տակառի բույրը։
Կարմիրը՝ Արենիից, սպիտակը՝ Էջմիածնից, կանգուն սորտի, հայկական երեք տարվա հնեցման գինիների հավաքածուն առաջին անգամ դուրս է եկել ռուսական շուկա: Այստեղ այն արդեն այլ փորձառու հայկական արտադրանքի հետ մի տաղավարի ներքո ներկայացավ Մոսկովյան պրոդէքսպո 2021-ին։ Ընկերությունը ծավալներն ընդլայնելու հեռանկարով ներկայանում է միջազգային խոշոր գնորդներին ու դիստրիբյուտորներին, իսկ շահույթի տասը տոկոսը կհատկացնի Կովկասյան ընձառյուծի պահպանմանը։
Ռուսական շուկան թոթափում է համավարակային պասիվությունը։ Պրոդէքսպո 2021-ն այս տարի հավաքել է 1500-ից ավելի արտադրողի 42 երկրից։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության համնադրամի աջակցությամբ մեկ տաղավարի ներքո 13 գինի արտադրող հայկական ընկերություն արտադրանքը ներկայացրեց տարածաշրջանի խոշորագույն ամենամյա միջազգային ցուցահանդեսին։
Զարուհի Մուրադյան (Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն) - Սա նաև հնարավորւթյուն է ընձեռում հանդիպել միջազգային գնորդների հետ, մենք նաև կազմակերպելու ենք միջոցառումներ, համտես-շնորհանդեսներ, Ճանաչելիության խնդիր ունենք, և այս առումով բավականին մեծ աշխատանք է տարվում, որ հայկական գինին դառնա ճանաչելի, քանի որ որակի առումով խնդիր չունենք։
Պրոդէքսպո վայն հարթակը ներկայացնում է 200 գինեգործական ընկերություն, որոնց թվում այս տարի շատ են նոր խաղացողները։ Հայաստանը հանդես է գալիս թե՛ շուկային արդեն քաջածանոթ, թե՛ նոր տեսականիով։ Անցյալ տարվա վիրուսային անկումների ցուցանիշները բարելավելու խնդիր ունեն։ Արտահանման առյուծի բաժինն ընկնում է Ռուսաստանին։ Շնորհիվ տեղական սորտերից պատրաստվող բարձրորակ առանձնահատուկ գինիների՝ նպատակ կա ընդլայնել դիրքերը Դաշնությունում։
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - 2021-ին բոլոր ուժերը կենտրոնացնելու ենք՝ խթանելու մատակարարման շղթաների և շուկաների դիվերսիֆիկացումը։ 2020-ին ունեցել ենք առատ խաղողի բերք և ցածր վաճառք, և հիմա պետք է ամեն ինչ անենք, որ վաճառքի տեմպերը բարձրանան:
Բոստոնցի Սմբատ Մաթեոսյանի երազանքը հայկական անուշահամ գինին էր, որն իր հիմնած՝ Արմավիրի ու Վայոց ձորի 130 տարեկան խաղողի այգիներից հավաքվել, քամվել, ղարաբաղյան տակառներում հնեցումից հետո շշալցվել է ու հասել Մոսկվա։ Պապի երազանքը թոռներն են կյանքի կոչել։ Ընտանեկան փոքր բիզնեսն արդեն 4-րդ տարին է՝ «Ոսկեհատ» ու «Արենի» խաղողից ստացված գինին ներկայացնում է պրոդէքսպոյին, արդյունքից շատ գոհ են։
Ալինա Մկրտչյան (արտադրող) - Մեր գինին պատրաստում ենք հին հայկական սորտերից և իրականացնում ենք մեր մեծ պապի երազանքը՝ ամբողջ աշխարհով տարածել հայկական գինին և ցույց տալ, որ բացի լավ կոնյակից՝ ունենք նաև ընտիր գինի:
Հայաստանը շեշտը դնում է բարձր որակի և, համապատասխանաբար, բարձր արժեքի վրա։ Գինը չի ազդում դրսում վաճառքի տեմպերի վրա, այս առումով մենք մրցունակ ենք հայտնի գինեգործական երկրների հետ, փաստում են վաճառքի մասնագետները։