Ապրիլի 16-ը պաշտոնապես Հայ կինոյի օր է հայտարարված․ 2019 թ․ ՀՀ ազգային ժողովը հունիսի 19-ի հերթական նիստում ընդունեց ապրիլի 16-ը՝ Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը և ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքը լրացվեց նոր՝ 4․1-րդ հոդվածով․ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»:
Խորհրդային Հայաստանի կառավարության 1923 թ․ ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետով ստեղծվեց «Պետկինոն», որն ընդամենը երկու տարի անց՝ 1925 թվականին, «Նաիրի» կինոթատրոնի հանդիսավոր բացմանը հանդիսատեսին ներկայացրեց «Խորհրդային Հայաստան»՝ առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը։ Մեկ տարի անց արդեն հայ կինոն ունեցավ նաև իր առաջին լիամետրաժ համր ֆիլմը․ էկրան բարձրացավ Համո Բեկնազարյանի «Նամուսը»։
Հայ կինոյի հիմնադիր, կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի հետ է կապվում հայկական կինոյի ստեղծման պատմությունը և փառահեղ անցյալը՝ թողնելով ներկան գալիք սերունդներին։
Դեռևս 2020 թ. Հայաստանի ազգային կենտրոնը նախատեսել էր միջոցառումների համալիր ծրագիր՝ Հայ կինոյի օրը նշանավորելու նպատակով, սակայն համավարակի պատճառով, ի թիվս այլ միջոցառումների, չեղարկվեց նաև այդ նախաձեռնությունը։
2021 թ․ Հայ կինոյի օրվա միջոցառումները սկսվել են իրազեկման արշավից։ Ելնելով այն բանից, որ մեր բնակչության մի ստվար զանգված տեղյակ չէ օրվա ու դրա խորհրդի նշանակության մասին, պատրաստվել է գովազդային հակիրճ տեղեկատվական հոլովակ՝ Հայ կինոյի օրվա վերաբերյալ։
Հայ կինոյի օրվա առիթով Ազգային կինոկենտրոնի նախաձեռնած բոլոր միջոցառումները առաջին հերթին ուղղված են ինչպես անցյալի կինոժառանգությունը, այնպես էլ ժամանակակից կինոն հանրայնացնելուն, մասնավորապես, ներկայացնել կինեմատոգրաֆիստների նոր սերնդին, որոնք վերջին տարիներին գրանցել են բավականին լավ հաջողություններ միջազգային տարբեր կինոհարթակներում։
Միայն մեկ օր՝ ապրիլի 16-ին, բոլոր կինոթատրոնները ցուցադրելու են հայկական հին ու նոր բազմաժանր ֆիլմեր՝ նշանավորելով Հայ կինոյի ծնունդը։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած կինոցուցադրումների հանրային արշավին միացել են մայրաքաղաքային և մարզային մի շարք կինոթատրոններ՝ «Մոսկվա», «Կինոպարկ», «Նաիրի», «Հայաստան», «Սինեմա Սթար»՝ (Երևան), «Հոկտեմբեր» (Գյումրի), «Քաջարան» (Քաջարան), «Սյունիք» (Կապան) և այլն։ Իհարկե, «Կինոպարկ», «Նաիրի», «Հայաստան», «Սինեմա Սթար» կինոթատրոնները թեև միացել են արշավին, բայց ցուցադրրելու են իրենց ընտրած ֆիլմերը։
Իսկ «Մոսկվա» կինոթատրոնը ցուցադրելու է միայն Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից 2019-2020 թթ․ աջակցություն ստացած և արտադրված ֆիլմեր, մասնավորապես՝ կարճամետարաժներ, որոնց հեղինակները դեբյուտանտներ են (Անգինե Իսանյան, Անժելիկա Թամարյան, Մերի Միքայելյան, Րաֆֆի Մովսիսյան, Ալեքսանդր Բաղդասարյան, Դավիթ Բաբայան)։ ՄՈՍԿՎԱ կ/թ-ում ապրիլի 16-ին՝ ժամը 12։00-ից մինչև երեկոյան 17։00-ը կցուցադրվեն հայկական 3 լիամետրաժ և 13 կարճամետրաժ ֆիլմեր (խաղարկային, անիմացիա)։
Կինոարշավին միացել է նաև Տավուշի մարզը․ տեղի՝ ցուցադրության հնարավորություն ունեցող բոլոր դահլիճներում կներկայացվեն հայկական ֆիլմեր (իրենց ընտրությամբ)։
Հայ կինոյի օրվա առիթով Ազգային կինոկենտրոնը ZOOM հարթակում կազմակերպելու է «Հայ կինո, ներկա և ապագա» հայաստանյան և սփյուռքի կինոգործիչների առցանց հանդիպում, որտեղ կքննարկվեն հայկական կինոյի առկա խնդիրները, անելիքներն ու հեռանկարները։ Մասնակիցների թվում են լինելու Ատոմ Էգոյանը (Կանադա), Անահիտ Աբադը (Իրան), Ժուլի Փարադիանը (Ֆրանսիա), Օֆելյա Հարությունյանը (Հայաստան-ԱՄՆ), Նորիկ Քեշիշյանը (Գերմանիա), Քերին Արիկիանը (ԱՄՆ-Գերմանիա), Գորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա), Նորա Մարտիրոսյանը (Ֆրանսիա) և այլք։
Ի դեպ, Հայաստանի ազգային կինոկենտրոնը Հայ կինոյի օրվա միջոցառումներից հետո սկսելու է անիմացիոն և մանկապատանեկան ֆիլմերի ցուցադրությունների շարունակական շարք՝ մինչև տարեվերջ, յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին։ Հիշյալ ծրագրին են միացել երևանյան և մարզային կինոթատրոնները («Մոսկվա», «Նաիրի», «Հայաստան», «Քաջարան», «Սյունիք», «Հոկտեմբեր»):