Օտտավայում անցկացված հետաքննությամբ հաստատվել է, որ Թուրքիան Արցախում օգտագործել է կանադական տեխնոլոգիայով ստեղծված անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարարը՝ փոխանցում է Middle East Eye պարբերականը:
Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Կանադան դադարեցնում է սպառազինության մատակարարումը Թուրքիային այն բանից հետո, երբ հետաքննության արդյունքներն ապացուցել են՝ կանադական տեխնոլոգիան օգտագործվել է ղարաբաղյան հակամարտության ժամանակ:
Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Օտտավան դադարեցրել էր ԱԹՍ-ների օպտիկայի և ռազմական այլ սարքերի մատակարարումը Թուրքիային` Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ղարաբաղյան պատերազմում կանադական տեխնոլոգիաների կիրառման մեղադրանքների ֆոնին:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կանադացի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում իր դժգոհությունն էր հայտնել զենքի էմբարգոյի կապակցությամբ:
Անցյալ տարի Օտտավայում հետաքննություն էր սկսվել պարզելու՝ արդյոք Թուրքիան խախտե՞լ է վերջնական օգտագործողի պայմանագիրը՝ Ադրբեջանին վաճառելով թուրքական մարտական ԱԹՍ-ներ:
«Այս կիրառումը չի համապատասխանում Կանադայի արտաքին քաղաքականությանը և Թուրքիայի կողմից տրված վերջնական օգտագործողի հավաստիացումներին»,- հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն: