Գիտական մտքին ավելի քան 1 տարի պահանջվեց Քովիդ-19 պատվաստանյութը հայտնաբերելու համար: Այսօր արդեն նոր սրվակը նաև մեր պոլիկլինիկաների սառնարաններում է: Հայաստանում պատվաստման գործընթացի մեկնարկը տրված է:
Առաջին օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա 7 քաղաքացի է դիմել: Ներարկում ստացել է 6-ը, 87-ամյա պապիկի ճնշումը բարձր է եղել, խորհուրդ են տվել մի քանի օրից գալ: Պատվաստանյութի սրվակներ կան բոլոր պոլիկլինիկաներում:
Հասմիկ Մելիքսեթյան («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկայի բժշկուհի) - Քաղաքացիները գալիս են պատվաստման, մոտենում են թերապևտին, որտեղ անցնում են առաջնային բուժզննումը, չափվում է ջերմությունը, դիտվում է բկանցքը, լսում են թոքերը, հակացուցում չլինելու դեպքում թերապևտը որոշում է նշանակել պատվաստումը:
Սա միայն առաջին փուլն է, 4-5 ամիս անց քաղաքացիները պետք է պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանան: Քովիդին հաղթող սրվակները պոլիկլինիկաները պահում են սառնարանում՝ 2-8 աստիճանի պայմաններում:
Հասմիկ Մելիքսեթյան - Երբ առաջին պատվաստվողը գալիս է պատվաստման սենյակ, 10 դոզայանոց ֆլակոնը բացվում է այդ ժամանակ, որը դեռևս պիտանի կլինի 6 ժամ: Նշվում է այնտեղ բացման օրը և ժամը, և դրվում է սառնարան-պայուսակի մեջ:
Հայաստանում այս պահին 24000 դեղաչափ AstraZeneca և 15000 դեղաչափ Sputnik-V պատվաստանյութ կա:
Եվգենիա Պապոյան - Երբեք չենք վարակվել՝ ոչ ես, ոչ ամուսինս, բայց եկել ենք սրսկվելու, որ չհիվանդանանք:
Արտեմ Ալեքսանյան - Հիմա քանի էսքան ժամանակ Աստված նախախնամություն ա ցուցաբերել իմ նկատմամբ և չեմ հիվանդացել, ես էլ որոշել եմ էդ նախախնամությանն օգնեմ գիտությամբ:
Մինչև 55 տարեկան անձինք՝ Sputnik-V-ով, 55-ից բարձր տարիք ունեցողները AstraZeneca-ով կպատվաստվեն: Թերահավատներ էլ կան, բայց վիճակագրական արդյունավետությունը շատերն են գնահատում:
Արտեմ Ալեքսանյան - Կարծում եմ, որ եթե այն բրիտանական է, ու աշխարհում 200 մլն մարդ արել է, ես ամենախելոքը չեմ, էլի, որ ասեմ՝ դա վատն է, ու հրաժարվեմ:
Պատվաստվել կարող են միայն սահմանված ռիսկային խմբի անդամները. 65 և բարձր տարիքի բոլոր քաղաքացիները, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդները, խնամքի հաստատությունների տարեցներն ու աշխատակիցները, ինչպես նաև սոցիալական այլ կենտրոնների աշխատողները: